Պետական վերահսկողական ծառայությունը պարզաբանում է

Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որով պարզաբանում է օրերս տարածված տեղեկությունը։

Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է,-«Սույն թվականի դեկտեմբերի 20-ին «Հետք»-ի կողմից հրապարակվել է հոդված՝ «ՊՎԾ-ն դատարանում պարտվեց «Հետքին» վերտառությամբ, մինչդեռ պետք է արձանագրել, որ Դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 19-ին թիվ ԵԴ2/0228/02/25 քաղաքացիական գործով կայացված վճռով մերժել է Պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայության) հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի` հրապարակման մեջ տեղ գտած տվյալները հերքելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ պետական մարմինների նկատմամբ չեն կարող «պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացությունները կիրառելի լինել, քանի որ պետական մարմինը հանրային իշխանություն կրող մարմին է, ոչ թե մասնավոր անձ՝ «պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացություն կրող:

Այլ կերպ՝ դատարանը հայցը մերժել է, ըստ էության չանդրադառնալով Ծառայության կողմից գործով ներկայացված՝ հրապարակված տվյալների զրպարտչական լինելու հանգամանքը հիմնավորող փաստերին և ապացույցներին՝ նկատի ունենալով, որ համաձայն Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշման՝ Ծառայությունն ի սկզբանե չէր կարող նման պահանջով հայցեր իրավունքի պաշտպանություն: 

Մինչդեռ, հարկ է նկատի ունենալ, որ ձևավորված դատական պրակտիկան վկայում է այլ բանի մասին՝ պետական մարմինների համար ևս կիրառելի են «պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացությունները (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայցն ընդդեմ Մխիթար Կոլյայի Մաթևոսյանի, Քրեակատարողական ծառայության հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի): 

Ավելին, թիվ ԵԴ/0280/02/19 քաղաքացիական գործով դատարանն արձանագրել է՝ «Տվյալ դեպքում վեճի առարկա հոդվածն ուղղված է եղել փաստացի տվյալների տարածման միջոցով ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության գործարար համբավին վնասելուն՝ վերջինիս աշխատակիցներին հանցանքների կամ զանցանքների մեջ անհայտ փաստերի հիման վրա մեղադրելուն, ինչն ինքնին ենթադրում է պետական մարմնի գործարար համբավի դիտավորությամբ, կանխամտածված արատավորում՝ հայցվորին հանրությանը ներկայացնելով որպես այլ անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող, իր սահմանադրաիրավական գործառույթները եկամուտ ստանալու համար օգտագործող պետական մարմին»:

Այնուհանդերձ, սույն քաղաքացիական գործի քննության ընթացքն իր ամբողջության մեջ դիտարկելիս կարող ենք արձանագրել, որ Պատասխանողներ Սուսաննա Մուրադյանի և «Հետք» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի կողմից գործի քննության շրջանակներում չի ներկայացվել գեթ մեկ ապացույց առ այն, որ «Արմենիա» ԲԿ-ում իրականացված ուսումնասիրության շրջանակներում Ծառայության կողմից ընկերական կամ բարեկամական կապերն օգտագործելով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել կամ Ծառայությունը թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները, ինչպես վերջիններիս կողմից ավելի վաղ նշվել էր հոդվածում:

Ավելին՝ Պատասխանողների կողմից հրապարակային դատական քննության շրջանակներում հնչեցվել են դիրքորոշումներ, որ խնդրո առարկա հոդվածում արված դատողությունները դրանք պատասխանողների «ենթադրություններն են» կամ ինչպես նշում է Պատասխանողի ներկայացուցիչը՝ «մի շարք կապեր են եղել, որոնք մեր կարծիքով օգտագործվել են ոչ ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու համար», միաժամանակ, ելույթի ընթացքում Պատասխանողի ներկայացուցչի կողմից նաև կասկածի տակ է դրվել «գործը քննած քննիչի օբյեկտիվությունը»՝ նշելով, որ «երրորդ օբյեկտիվ աչքով դիտարկողի մոտ» նման «կասկած» կարող էր առաջանալ:

Հարկ է նշել, որ հետաքննությունը, այդ թվում՝ լրագրողական հետաքննությունը ենթադրում է առնչվող և հասանելի փաստերի հավաքում, դրանց պատշաճ ուսումնասիրում և ստուգում՝ խնդիրը խորությամբ բացահայտելու նպատակով: Հետևաբար, լրատվամիջոցի կամ աղբյուրի սեփական կարծիքի կամ դատողությունների կամ կասկածների հիման վրա նյութի պատրաստումը և այն հանրությանը հրամցնելն ամենևին չի կարող տեղավորվել հետաքննության տրամաբանության մեջ, հատկապես, որ ամբողջ հոդվածում դրանք ներկայացվում են որպես փաստեր և ոչ թե կարծիքներ, որոնք հերքվել են (ինչպես սույն դեպքում  քննիչի որոշմամբ) կամ կարող են հերքվել:

Այնուհանդերձ, Ծառայության հեղինակությունն անվանարկելու կամ նման փորձ անելու ցանկացած դեպքում, այդ թվում՝ Ծառայության աշխատակիցներին որևէ արատավոր գործողությունների կատարում վերագրելու միջոցով, Ծառայությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկելու նման փորձերը ձախողելու կամ խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Միաժամանակ, վերը նշված՝ մեր գնահատմամբ հակասական դատական պրակտիկան և դրանով պայմանավորված անորոշությունը հաղթահարելու նպատակով՝ Ծառայության կողմից սույն գործով կներկայացվի վերաքննիչ բողոք»:

Leave a Comment