25 դեկտեմբերի 2025 – 17:00 AMT
PanARMENIAN.Net – Կառավարությունը որոշել է սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից բռնագաղթած 1-3 հոգի ունեցող որոշ ընտանիքների տան վարձի ծախսերը հոգալու նպատակով։ Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40,000 դրամ
Նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին
- որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ
- որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ
- որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
Սոցիալական աջակցության միջոցառման շահառուներ ըստ էության կհանդիսանան ծրագրի պայմաններին բավարարող, սակայն ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրի լուծման տարբերակն ընտրած ընտանիքները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցությունները տրամադրելու շարունակականությունը: