Պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

Պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

25 դեկտեմբերի 2025 – 16:18 AMT

PanARMENIAN.Net – Կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ վերանվանելու որոշմանը։

Փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես Հայֆիլհարմոնիայի 25–30 հոգուց կազմված կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է հանդիսացել մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբը ստացել է «Ակադեմիական» կոչումը, իսկ 1975 թվականից ճանաչվել է հանրապետության վաստակավոր կոլեկտիվ։ 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։

Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը հանդես է եկել աշխարհի 184 առաջատար համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ քաղաքներում։ Այդ տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանի սահմաններից դուրս իրականացրել է 866 համերգային ելույթ։

Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը համագործակցել է նաև 69 ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը և «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը։

Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարության տարիներին երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի և կայացել է որպես հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբաններից մեկը։

Leave a Comment