2025 թվականի սեպտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել ՊԵԿ նախկին աշխատակիցների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչության միջին հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի՝ անհատ ձեռնարկատեր Վ․ Մ․-ի օգտին ապօրինի գործողություն և թողտվություն կատարելու դիմաց վերջինից ստացել է կաշառք, ավագ հարկային տեսուչ Համլետ Եղիազարյանի և հարկային տեսուչ Ռ․ Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև ավագ հարկային տեսուչ Հ․ Ե․-ի և հարկային տեսուչ Ռ․ Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետության օրինական շահերի, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:
Ռ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչության միջին հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 1 բաժնի հարկային տեսուչի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, գլխավոր հարկային տեսուչ Գ․ Մ․-ի և ավագ հարկային տեսուչ Հ․ Ե․-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև գլխավոր հարկային տեսուչ Գ․ Մ․-ի և ավագ հարկային տեսուչ Հ․ Ե․-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել են ի վնաս պետության օրինական շահերի, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական՝ խոշոր չափերով գույքային վնաս:
Վ․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու և թողտվության համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության միջին հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Գ․ Մ․-ին տվել է կաշառք։
Մեղադրանքի հոդվածները
Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝
Հոդված 435 Մաս 2 Կետ 3՝ Կաշառք ստանալը, որը կատարվել է կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ
Հոդված 441 Մաս 2 Կետ 4՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ
Հոդված 445 Մաս 2՝ Պաշտոնեական կեղծիքը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
Ռ․ Ա․-ին և Հ․ Ե․-ին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հոդվածներով՝ Հոդված 441 Մաս 2 Կետ 4 և Հոդված 445 Մաս 2։
Վ․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ կետով՝ Կաշառք տալը, որը կատարվել է` իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Կիրառված խափանման միջոցները
- Գ․Պ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Վերջինս կալանավորվել է ժամկետով։
- Ռ․ Ա․-ին և Հ․ Ե․-ին նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
- Վ․ Մ․-ի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն, համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ և բացակայելու արգելք։
Գործի հետագա ընթացքը
Սեպտեմբերի 22-ին գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։ Վերջինիս որոշմամբ սեպտեմբերի 24-ին Դատարանը ստանձնել է վարույթը և նշանակել նախնական դատալսումներ։ Գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է հոկտեմբերի 3-ին, քննարկվել է խափանման միջոցի փոփոխման միջնորդություն։
Դատարանը որոշել է մեղադրյալ Գ․ Մ․-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոփոխել, նրա նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը, գրավը՝ գրավի չափ սահմանելով հինգ միլիոն (5.000.000) ՀՀ դրամը, և բացակայելու արգելքը:
Վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում մեղադրյալին պարտավորեցնել շաբաթը մեկ անգամ գրանցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում, արգելել՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության՝ փոխել մշտական բնակության վայրը, որևէ եղանակով հաղորդակցվել քրեական վարույթի մասնավոր մասնակիցների և վարույթին օժանդակող անձանց հետ:
Մեղադրյալի նկատմամբ գրավը կիրառված համարել և նրան անհապաղ ազատ արձակել կալանքից գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը Դատարանին ներկայացնելու պահից:
Մյուս մեղադրյալների խափանման միջոցները մնացել են անփոփոխ։