Սահմանվել է առողջության ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը

Սահմանվել է առողջության ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը

25 դեկտեմբերի 2025 – 13:12 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը։

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերը և վճարման ժամկետները։

Ապահովագրավճար վճարողներ են համարվում այն վարձու աշխատողները, որոնք․

2025 թ․ նոյեմբերին գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։

2026 թ․ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում որևէ ամսում ստացել են 200,001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։

Ապահովագրավճար վճարողներ են համարվում նաև ՀՀ-ում հաշվառված այն անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնք 2025 թվականին ունեցել են 2,400,001 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։

Վարձու աշխատողների համար 2025 թ․ դեկտեմբերից սկսած ապահովագրավճարները կհաշվարկվեն ըստ աշխատավարձի չափի, մասնավորապես՝ մինչև 500,000 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրավճարը կկազմի 4800 դրամ, իսկ 500,001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 10,800 դրամ։

Ի գիտություն՝ մինչև 18 տարեկան, ինչպես նաև 65 և բարձր տարիքի ՀՀ քաղաքացի վարձու աշխատողների համար գործատուի կողմից ապահովագրավճար չի հաշվարկվում։ Ապահովագրավճար չի հաշվարկում նաև աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ապահովագրական փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129,600 դրամ, ամսական` 10,800 դրամ: Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկերը հասանելի կլինեն «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքերում:

Քաղաքացին SMS հաղորդագրությամբ տեղեկացվելու է, որ ներառվել է ապահովագրության համակարգում, և անհրաժեշտ է համաձայնություն տալ։ Ապա քաղաքացին պետք է գրանցվի «Արմեդ» հավելվածում և մեկ սեղմումով համաձայնություն տա պետության կողմից ապահովագրվելուն։ Եթե քաղաքացին չունի հասանելիություն էլեկտրոնային հավելվածին, ապա նա իր ընտանեկան բժշկի, ամբուլատոր թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է հաստատել իր համաձայնությունը:

Leave a Comment