25 դեկտեմբերի 2025 – 12:58 AMT
PanARMENIAN.Net – Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու մի շարք հոգևոր առաջնորդներ դիմել են Հռոմի պապ Լեոն XIV՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող արցախահայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
The Christian Post-ը ծանոթացել է Հռոմի պապին ուղղված դիմումին, որը ուղարկվել է Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ։ Դիմումում նշվել է, որ առնվազն 23 բանտարկյալները 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը էթնիկ զտման ենթարկած Ադրեջանի զոհերն են։
Դիմումին ստորագրել են մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան հոգևոր հայրեր։ Ստորագրողների ցանկը գլխավորում են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության՝ հանգստի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը և Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը, գրում է Panorama.am-ը։
Շվեյցարիայում գործող Christian Solidarity International կազմակերպության տվյալներով՝ Բաքվում ներկայում պահվում են մոտ երկու տասնյակ հայեր, հիմնականում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների հետևում՝ զրկված լինելով պատշաճ իրավաբանական պաշտպանությունից և իրենց դեմ ներկայացված ապացույցները վիճարկելու հնարավորությունից։ Եվրոպական խորհրդարանն արդեն զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են «կեղծ դատավարությունների»։
«Նրանց ընտանիքների հետ հաղորդակցությունը, որն առանց այդ էլ սահմանափակ է, էլ ավելի է խաթարվել անցած տարվանից, երբ Ադրբեջանը երկրից վտարեց Կարմիր Խաչին։ Նրանց քրիստոնեական հավատքը և մարդկային արժանապատվությունը ճնշվում են», – ասվում է Հռոմի պապին ուղղված հոգևոր հայրերի նամակում։
Նամակը ստորագրած հոգևորականները նշել են, որ ընդհանուր առմամբ խոսքը մոտ 80 անձի մասին է, որոնց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո։ Նրանք ընդգծել են, որ գերիները զրկվել են կապի և տարրական իրավական պաշտպանության հնարավորությունից, իսկ կալանքի ընթացքում ենթարկվել են նաև իրենց քրիստոնեական հավատքի նկատմամբ բռնությունների։
Նամակում անդրադարձ է կատարվել նաև այն հաղորդումներին, որոնց համաձայն Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներ և վանքեր այնպիսի ծավալով, որը գերազանցել է «Իսլամական պետության» գործողությունները Իրաքում և Սիրիայում։ Հեղինակները դա բնութագրել են որպես տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու նպատակաուղղված արշավի մաս։
«Ադրբեջանի արշավի զոհ են դառնում ոչ միայն բանտարկված մարդիկ, այլև սրբազան ժառանգությունը, որը ոչնչացվում է։ Վերջին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում համակարգված կերպով ոչնչացրել է ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ և եկեղեցիներ, քան «Իսլամական պետությունը» Իրաքում և Սիրիայում։ Սա գրեթե երկու հազարամյա քրիստոնեական քաղաքակրթության հետքերի, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիների, վանքերի և անթիվ սրբավայրերի վերացում է»,–ասվում է նամակում։
Նամակը ստորագրողների թվում ընդգրկվել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մելքիթ կաթոլիկ եկեղեցու Ֆրանսուա եպիսկոպոս Բեյրուտին և հակասեմականության դեմ կաթոլիկների կոալիցիայի ներկայացուցիչ Սիմոնե Ռիզկալլան։
Դիմումում հիշատակվել է նաև վերջերս Հռոմի պապի կողմից հայ նահատակ Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբադասումը՝ որպես հայ ժողովրդի հետ Հռոմի կաթոլիկ եկեղեցու շարունակական համերաշխության դրսևորում։ Նշվել է նաև պապի ավելի վաղ հայտարարությունը, ըստ որի հայերը «խաչը քարի վրա են փորագրում՝ որպես իրենց ամուր և անսասան հավատքի նշան»։
Հոգևոր հայրերը պնդում են, որ ստեղծված իրավիճակը պահանջում է Սուրբ Աթոռի միջամտությունը՝ հաշվի առնելով նրա բարոյական հեղինակությունը և Բաքվի հետ դիվանագիտական կապերը։ Նամակում կոչ է արվում Հռոմի պապին անձամբ պաշտպանել գերիների ազատ արձակումը՝ նշելով, որ նման կոչը կարող է օգնել վերջ դնել այն ընտանիքների տառապանքներին, որոնք դեռևս լուրերի են սպասում իրենց հարազատներից։
Հոգևոր հայրերի խումբը խնդրել է Հռոմի պապին գործել Սուրբ Ծննդին ընդառաջ՝ տոնն անվանելով ողորմածության և վերամիավորման շրջան։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։