«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1–ից չի գործի

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1–ից չի գործի

25 դեկտեմբերի 2025 – 11:39 AMT

PanARMENIAN.Net – «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում, հայտնում է Sputnik Արմենիան։

Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

Հեռուստաընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 24-ի որոշմամբ, որով ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

Գործունեության հիմնական տեսակը հոգևոր և մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։

ԱԺ–ն հոկտեմբերի 24-ին ընդունել էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

«Շողակաթը» փակվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։

Leave a Comment