Մի շարք դպրոցներում արձանագրվել են շինարարական չափանիշների անհամապատասխանություններ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «Ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման հետ կապված առանձին խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ։  Iravaban.net-ը տեղեկանում է ՄԻՊ աշխատակազմից։

Նշված խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է մշտադիտարկման այցեր, ուսումնասիրել է նախագծային փաստաթղթեր, իր լիազորությունների շրջանակում իրականացրել է այլ միջոցառումներ։ 

Մշտադիտարկման այցերն իրականացվել են համընդհանուր դիզայնի սկզբունքներին տիրապետող, ճարտարապետություն և դիզայն մասնագիտությամբ ՄԻՊ փորձագետի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդամների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ։ 

Դիտարկման նպատակով ընտրվել են ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2093-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրկված «կառուցված», «հիմնանորոգված» կամ «վերակառուցված» և «ավարտված» կարգավիճակն ունեցող ուսումնական հաստատությունները:

Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման առնչությամբ առկա առանձին խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը։

Leave a Comment