Ուկրաինայի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի հետ քննարկվող 20 կետանոց խաղաղության ծրագրի հիմնական դրույթները, որոնք նրա խոսքով՝ կարող են դառնալ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ապագա համաձայնագրերի հիմքը։ Գրում է «Ազատությունը»։
Շաբաթներ տևած բանակցություններից հետո, ըստ Զելենսկու, տարաձայնությունների մեծ մասը հարթվել է, միաժամանակ, Ուկրաինան և Միացյալ Նահանգները դեռևս չեն հասել փոխըմբռնման երկու հիմնական կետերի՝ տարածքի վերահսկողության և Զապորոժիեի ատոմակայանի շուրջ։
Ըստ Ուկրաինայի նախագահականի հրապարակած փաստաթղթի, ծրագիրը նախատեսում է Կիևի և Մոսկվայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, ինչպես նաև շփման գծի երկայնքով մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում: Ուկրաինային առաջարկվում են անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի կողմից՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի նմանությամբ, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերականգնում, եթե Մոսկվան վերսկսի հակամարտությունը:
Ուկրաինայի բանակն, ըստ այդ պլանի, խաղաղ ժամանակներում կունենա 800,000 զինվորական, միաժամանակ Ուկրաինան կպահպանի իր ոչ միջուկային կարգավիճակը:
Ռուսաստանը իր հերթին պարտավորվելու է չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի դեմ, չխոչընդոտել Դնեպրի և Սև ծովի առևտրային գործունեությանը։
Ծրագրի տնտեսական բաղադրիչը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա, տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումներ, ներդրումային համաձայնագրեր և մինչև 800 միլիարդ դոլար ներգրավելուն ուղղված վերականգնման ֆոնդերի ստեղծում: Առաջարկվում է նաև ազատ առևտրի համաձայնագիր Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև։
Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության հարցը մնում է չլուծված: Վաշինգտոնը առաջարկում է համատեղ կառավարում Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից, մինչդեռ Կիևը պահանջում է կառավարումից դուրս թողնել Ռուսաստանին։
Տարածքային հարցի շուրջ համաձայնություն նույնպես ձեռք չի բերվել։ Ուկրաինան առաջարկում է ռուսական զորքերի դուրսբերում Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից ու փաստացի ճանաչում շփման գծի գոյությունը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում համաձայնագրի կնքման պահին։