Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Սադեթին Սարանին՝ թմրանյութերի գործով ընթացող հետաքննության շրջանակում, հայտնում է Cumhuriyet-ը։
Ավելի վաղ Սարանը հրավիրվել էր ցուցմունք տալու Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում, որը վերաբերում էր թմրանյութերի տարածմանը, օգտագործմանը և դրա օժանդակմանը։ Նա ազատ էր արձակվել դատական հսկողության ներքո՝ երկրից դուրս գալու արգելքով։ Սակայն դատաբժշկական ինստիտուտ ուղարկված մազերի նմուշի փորձաքննությունը հայտնաբերել էր կոկաինի առկայություն։
Սարանը հայտարարել է, որ կյանքում երբեք չի օգտագործել այն նյութը, որը, ըստ պնդումների, հայտնաբերվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքում։ Նա իր դեմ հարուցված գործը որակել է որպես «զրպարտչական արշավ» և հանձնել է ևս մեկ թեստ անկախ լաբորատորիայում։
Դատախազության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Կասկածյալ Սթիվեն Սադեթին Սարանի նկատմամբ իրականացվող հետաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ ապացույցների հիման վրա՝ նա ձերբակալվել է ժանդարմերիայի վարչության աշխատակիցների կողմից՝ թմրանյութերի մատակարարման, օգտագործման և դրա օժանդակման մեղադրանքով»։
«Ֆեներբահչեն» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Սարանի ձերբակալության վերաբերյալ․
«Հետաքննությունը շարունակվում է, և գործընթացն ընթանում է օրենքի գերակայության սկզբունքի պահպանմամբ՝ համապատասխան մարմինների ղեկավարությամբ։ Վստահ ենք, որ մեր նախագահը կհաղթահարի սա՝ ցուցաբերելով տոկունություն, ինչպես դա արել է մինչ այժմ։ Ակումբի շահերից բխող աշխատանքները կշարունակվեն առանց ընդհատումների. մեր նախագահը հետևում կթողնի այս օրերը և կշարունակի աշխատել ի բարօրություն մեր ակումբի»։