Ո՞վ մնացի ես «Լոկոմոտիվի» պատմության մեջ․ Թիկնիզյանի քննադատությունը

Հայաստանի հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Nobel YouTube-յան ալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվից» իր հեռանալուն, ձախողված տրանսֆերներին և ռուսական «Զենիթի» առաջարկը մերժելու պատճառներին:

Խոսելով այն մասին, թե ինչու չտեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ նրան առաջարկում էին կրկնակի բարձր աշխատավարձ, Թիկնիզյանը պարզաբանել է, որ այդ ժամանակ իր հայացքն ուղղված էր դեպի Եվրոպա:

Նա խոստովանել է, որ այն ժամանակ ակտիվ երկխոսության մեջ է եղել իտալական «Բոլոնիայի» և իսպանական «Բետիսի» հետ:

«Այն ժամանակ ինձ թվում էր, որ եթե ինձ զանգահարել են այդպիսի ակումբներից կամ եթե տեսակապով խոսել եմ նրանց հետ, ուրեմն տրանսֆերը 99%-ով կայացած է: Բայց իրականությունն այլ է. եվրոպական ակումբները չափազանց ուշադիր են և երկար են ուսումնասիրում յուրաքանչյուր մանրուք»,- նշել է նա:

«Լոկոմոտիվի» կազմում նա անցկացրած 122 հանդիպումներում դարձել է  16 գոլի և 17 գոլային փոխանցումների հեղինակ։ Չնայած այս ցուցանիշին Թիկնիզյանը բավականին քննադատաբար է մոտենում իր մոսկովյան կարիերային:

«Ո՞վ մնացի ես «Լոկոմոտիվի» պատմության մեջ: Ոչ ոք: Ես ոչ մի տիտղոս չեմ նվաճել: Նույնիսկ եթե 130 խաղ ես անցկացրել, դա ոչ մեկին չի հետաքրքրում, եթե չկան հաղթանակներ»,- ասել է պաշտպանը:

Թիկնիզյանը նաև նշել է, որ իր առաջին տարիները թիմում լավագույնը չէին, և ինքն այլ կերպ էր պատկերացնում իր հեռացումն ակումբից, սակայն ընդունում է դա որպես կյանքի փորձ: Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանից սկսած Նաիրը պաշտպանում է սերբական  «Ցրվենա Զվեզդայի» գույները:

Leave a Comment