Պապոյան. Դուք եք ընտրում՝ որ բենզինն ուզում եք, կարող եք գնել

Պապոյան. Դուք եք ընտրում՝ որ բենզինն ուզում եք, կարող եք գնել

24 դեկտեմբերի 2025 – 17:05 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան եթերում արձագանքել է Ադրբեջանից ներմուծված բենզինի թեմային՝ անդրադառնալով գներին և այն չգնելու կոչերին։

Նա նշել է, որ քաղաքացիներն ազատ են իրենց ընտրության մեջ՝ որ բենզինն ուզում են, այն էլ կարող են գնել։

Նա նշել է, որ պրեմիում տեսակի բենզինը վաճառվում է 430 դրամով, մինչդեռ Հայաստանում դրա գինը 500-520 դրամի սահմաններում է։

«Դուք ազատ եք, որ բենզինն ուզեք, գնեք, ինքներդ ընտրեք, հենց դա է պետության խնդիրը՝ հնարավորինս մեծ տեսականի ապահովել, անխափան երթուղիներ լինեն, որ բենզինն ու մյուս ապրանքները մշտապես լինեն հասանելի, և հետևենք, որ որակը բարձր լինի, ձեզ էլ քանակի մեջ չխաբեն։ Այստեղ է պետության խնդիրը, մնացածը դուք եք ընտրում»,- ասել է նա։

«Մեգա Թրեյդն» Ադրբեջանից 600 տոննա բենզին է ներկրել։ Ընդհանուր ՀՀ է ներմուծվել 22 վագոն բենզին։ Սուքիասյանների «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ran oil» բենզալցակայաններում լիտրը 430 դրամով վաճառվում է ադրբեջանական «Պրեմիում» տեսակի բենզինը։Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը եղել է «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։

Սոցցանցերում ադրբեջանական բենզին չգնելու կոչեր են հնչում։ «Հայաքվեն» կոչ է արել բոյկոտ անել։ «Բոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների»,–ասվում է «Հայաքվեի» հայտարարության մեջ։

Leave a Comment