Հակակառուպցիոն կոմիտեն այսօր հայտարարել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասին։ Մամուլի տեղեկություններով՝ խոսքը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի մասին է։
Հակակոռուպցիոն կոմիտեն նշել էր, որ «քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ»։ Կոմիտեն նշել էր, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։
Սա վերջին 3 տարում ՊԵԿ համակարգում երկրորդ նման աղմկահարույց ձերբակալությունն է։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի ձերբակալությունը, ըստ տեղեկությունների, կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին առնչվող քրեական վարույթի հետ։ Հարությունյանը ձերբակալվել էր 4 ամիս առաջ՝ 2025թ. օգոստոսի 7-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներից»,- դեռ 2018-ի մայիսին հաղորդել էր Ազգային անվտանգության ծառայությունը։
Նշված գործով հաղորդվել էր նաև այդ սխեմայում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների առնչության մասին։
Վախթանգ Միրումյանը նախագահի տեղակալ է աշխատել 2016–2018 թթ, նույն այն շրջանում, երբ ՊԵԿ-ը ղեկավարում էր Վարդան Հարությունյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ Միրումյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով․ քրեական վարույթի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Իսկ Հարությունյանին ներկայացված են ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ՝ կապված «Նորֆոլկ» ընկերության հետ։
Մեկ ամիս առաջ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել էր մեկ ամսով։ Դեռ այդ ժամանակ վերջինիս պաշտպանը հայտնել էր, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել, նաև ՄԻԵԴ դիմում ներկայացնել՝ կապված առաջին կալանավորման հետ, որով, ի դեպ, վճռաբեկ բողոքը մերժվել էր։ Պաշտպանները պնդել են, որ Վարդան Հարությունյանը որևէ առնչություն չունի հակամրցակցային գործունեություն ծավալած և փողերի լվացում թույլ տված «Նորֆոլկ» ընկերության հետ։
Հարությունյանի՝ այս ընկերությանն առնչության վերաբերյալ քրեական գործով դեռ 2018թ․ քննություն էր իրականացվել և վարույթը կարճվել էր։ Ստացվում է՝ յոթ տարի անց իրավապահները զբաղվում են նույն կարճված գործով՝ դրա տվյալներով առանձին քրեական գործ հարուցելով։