2026-ի աշնանը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում

2026-ի աշնանը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում

24 դեկտեմբերի 2025 – 15:27 AMT

PanARMENIAN.Net2026 թվականի աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու 46 համայնքում։ Այդ մասին ասուլիսում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Եկող տարի աշնանը մենք տեղական ինքնակառավարման մարմինների մեծ ընտրություններ ունենք: Այս պահի պլանավորմամբ՝ 46 համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ»,- ասել է Հովակիմյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են մեծամասնական ընտրակարգով։

ԿԸՀ նախագահը թվարկել է նաև այն մարզկենտրոնները, որտեղ ընտրություններն իրականացվելու են համամասնական ընտրակարգով․ Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր և Իջևան։ Համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվել են նաև Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սևան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան և Նոյեմբերյան համայնքներում։

ՏԻՄ ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի վերջին կիրակին, հոկտեմբերի վերջին կիրակին և նոյեմբերի վերջին կիրակին։

Leave a Comment