Հայաստանի ռադիոյի հոբելյանը․ մեծերի ամանորյա բարեմաղթանքները ռադիոյի պահոցից․ «Գրեթե 100 տարի»

Ավարտվում է 2025 թվականը: Մի քանի օրից պատմության գիրկը կանցնի ոչ միայն հին տարին, այլև «Գրեթե 100 տարի» հաղորդաշարը և կսկսվի «Արդեն 100 տարի» հաղորդաշարի նոր կյանքը: Չէ որ 2026-ին մեր ռադիոն մեծ հոբելյան ունի՝ նշելու իր մեկ դարյա ծնունդը, թեև, անկեղծ ասած, ռադիոկապը Հայաստանում հաստատված է եղել դեռևս Հայաստանի առաջին հանրապետության տարիներից:

Եվ դրա համար կար կառավարության հատուկ որոշում, համաձայն որի՝ իրագործումը դրված էր  Ներքին գործոց մինիստրության՝ նախարարության վրա: Եվ ահա, 1919 թվականի հոկտեմբերին, Երևանի ուժեղ ռադիոկայանը սկսեց գործել շուրջօրյա: Ալիքները հասնում էին մինչև Տաշքենդ,  Հաշտարխան և Բասրա: Մերձավոր Արևելք հեռարձակելու համար, օգնում էր ֆրանսիական ռադիոկայանը: Բայց ռադիոն, իր բազմաժանր հաղորդումներով, լիարժեք սկսեց գործել 100 տարի առաջ: Այնպես որ, այս նոր տարին մեզ համար հոբելյանական է:

Այսօր մեր հարուստ պահոցից առանձնացրել ենք մեր մեծերի ամանորյա բարեմաղթանքներով լի խոսքերը՝ ուղղված ռադիոունկնդրին: Նախ մենք կտեղափոխվենք 1956թ.՝ լսելու վարպետի՝ Ավետիք Իսահակյանի մաղթանքը, ապա կլսենք հռչակավոր Արամ Խաչատրյանի ամանորյա բարեմաղթանքները: Սա բացառիկ մի ձայնագրություն է այն առումով, որ Խաչատրյանն իր մաղթանքները հղում է հայերենով: Ձայնագրությունն արված է 1965 թվականին:

Իսկ 1966 թվականի մի ժապավենի վրա աշխարհահռչակ Մարտիրոս Սարյանի ամանորյա բարեմաղթանքներն են: Հայաստանի ռադիոյի միջոցով, 1984թ.-ին իր ամանորյա խոսքն է հղել նաև ճանաչված աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը: 

Ի դեպ, Հանրային ռադիոյի պահոցում պահպանվել են բազմաթիվ ամանորյա բարեմաղթանքներ՝ ձայնագրված 21-րդ դարի նախաշեմին: Բոլոր այդ ուղերձներում կարմիր թելի պես անցնում են երկու հիմնական թեմաներ՝ 20-րդ դարասկզբին մեր ժողովրդի կրած սոսկալի արհավիրքների հիշողությունը և դարավերջի հաղթական ձեռքբերումները 21-րդ դարում պահպանելու հրամայականը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր հազարամյակի շեմին հնչած Սիլվա Կապուտիկյանի, Հրաչուհի Ջինանյանի, Էդվարդ Միրզոյանի և Ալեքսանդր Հարությունյանի բացառիկ մաղթանքները:

Leave a Comment