24 դեկտեմբերի 2025 – 14:27 AMT
PanARMENIAN.Net – Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը հայտնել է, որ այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը, հայտնում է Արմենպրեսը։
Ֆինանսավորման փաթեթը ներառել է երկու դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» կողմից՝ 24.4 միլիոն դոլարի չափով, և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ 10 միլիոն դոլարի չափով։
«Այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռք բերման հարցում, ինչպես նաև նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը։ Մենք համատեղում ենք կարճաժամկետ օգնությունն այնպիսի ներդրումների հետ, որոնք առաջիկա տարիների ընթացքում կամրապնդեն Հայաստանում գործող համակարգերը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու նպատակով այս նախաձեռնությունն անհապաղ վարձակալության աջակցություն է տրամադրել ավելի քան 40,000 փախստականների և հիփոթեքային սուբսիդիաների միջոցով օգնել է մոտ 6500 փախստական ընտանիքի ձեռք բերել մշտական բնակարաններ։ Այն նաև ֆինանսական աջակցություն է տրամադրել Ազգային հիփոթեքային ընկերությանը (ԱՀԸ)՝ բնակարանային ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկեր առաջարկող առևտրային բանկերի վերաֆինանսավորումը հեշտացնելու և փախստականների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կառավարման համակարգերն արդիականացնելու համար։
Ծրագիրն նաև ամրապնդելու է ինստիտուցիոնալ և բնակարանային քաղաքականության շրջանակներն և բարելավել է ԱՀԸ-ի կորպորատիվ կառավարումը։
Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային հիփոթեքային ընկերության ղեկավարությամբ՝ կառավարության վերահսկիչ կոմիտեի ռազմավարական վերահսկողության ներքո։
«Ծրագիրը փոխլրացնում է զարգացման գործընկերների ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի զուգահեռ աջակցությունը։ Այն նաև համահունչ է միջազգային զարգացման գործընկերների, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿՓԳ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդասիրական օգնություն տրամադրելու, փախստականների ինտեգրումը հեշտացնելու և կենսապահովման միջոցները ընդլայնելու շարունակական ջանքերին։ Միասին այս ներդրումները կընդլայնեն բնակարանային ֆինանսավորման հասանելիությունը, կխթանեն մասնավոր հատվածի ներդրումները հիփոթեքային շուկայում և կօգնեն Հայաստանին առաջ շարժվել դեպի ավելի դիմակայուն, երկարաժամկետ և ներառական բնակարանային համակարգ»,- ասված է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։