Ռուսաստանը, Ադրբեջանի տարածքով բացի հացահատիկի տարանցումից Հայաստան, քննարկում է պարարտանյութերի մատակարարման հնարավորությունը, ինչպես նաև բեռների հետբեռնման կազմակերպումը: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Прайм պարբերականը։
Նրա խոսքով՝ այժմ դիտարկվում է փոխադրվող բեռների անվանացանկի ընդլայնումը, ներառյալ պարարտանյութերը: Օվերչուկը նաև նշել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է բերվել նավթամթերքով երկաթուղային շարժակազմ։ Զուգահեռաբար Մոսկվան և Երևանը քննարկում են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով բեռների ուղարկման հնարավորությունը։
«Խոսքը երկկողմանի բեռնվածությամբ կայուն լոգիստիկայի ձևավորման մասին է։ Դրանք այն տեղաշարժերն են, որոնք դեռ վերջերս քիչ հավանական էին թվում», – ընդգծել է փոխվարչապետը։
Ռուսական ցորենով բեռնված գնացքը նոյեմբերի 6-ին ժամանել էր Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով:
