24 դեկտեմբերի 2025 – 12:02 AMT
PanARMENIAN.Net – Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը հայտնել է, որ բախումների հետևանքով հայ ընտանիքի տուն է վնասվել, իսկ այժմ զգուշավոր հանդարտութուն է, հայտնում է «Փաստինֆոն»։
«Հայ ծեր կնոջ բնակարանը է մասամբ հրկիզվել, կրակը շուտ են մարել, ինքը չի վնասվել։ Ոմանց բնակարաններն էլ նյութական վնասներ են կրել։
Հիմա զգուշավոր հանդարտություն է։ Այսօր դպրոցները, համալսարանները և պետական հաստատութրունները փակ էին։ Վաղը պետք է վերաբացվեն։ Այս պահին հրադադար է հայտարարված ու բանակցություններ են ընթանում կողմերի միջեւ», -ասել է Պողիկյանը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ վնասները գրանցվել են քաղաքի քրդական թաղամասերին հարակից հատվածներում։ Հալեպում 2 քրդական թաղամաս կա, որոնք տեղակայված են հայկական բնակչություն ունեցող տարածքներին մոտ։ Հակամարտության սկսվելուց հետո Հալեպի Ազգային առաջնորդարանն արդեն հորդորել է հայ համայնքի անդամներին չլքել իրենց բնակարանները։
Հալեպում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերի և քրդական ուժերի միջև, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Բախումների նախօրեին Դամասկոս են այցելել Թուրքիայի արտգործնախարարը և երկրի հետախուզության ղեկավարը։ Մինչ այդ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում կրկին ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) դեմ, սակայն զգուշացրել է, որ համբերությունը սպառվում է՝ ինտեգրման համաձայնագրի իրականացման ձգձգումների պատճառով։