Շարմազանովը՝ Թաթոյանին. Գնացեք, կառույցներ ստեղծեք, պայքարեք, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից

Շարմազանովը՝ Թաթոյանին. Գնացեք, կառույցներ ստեղծեք, պայքարեք, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից

24 դեկտեմբերի 2025 – 11:37 AMT

PanARMENIAN.Net – ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ընտրություններին պաշտոնաթող նախագահների մասնակցության դեմ հնչած հրապարակային հայտարարություններին՝ հորդորելով նորահայտ գործիչներին իրենց տեղը նվաճել ընդդիմադիր դաշտում։

Նա հատուկ շեշտել է, որ իր գրածը չի վերաբերում «Մեր ձևով» շարժմանը, այլ ուղիղ վերաբերում է նախկին փոխնախարար «Արման Թաթոյանի ու նրա որոշ թիմակիցների հայտարարություններին»։

«Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից։

Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ, բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։

Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն, Նիկոլը կվերընտրվի։ Թե բա՝ նրանք «նախկիններ» են։ Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք…նախկինների կառավարությունում չե՞ք աշխատել, ՀՀԿ ֆրակցիայի կողմից չե՞ք ընտրվել պաշտոնների…

ՀՀԿ-ն ազգային-ընդդիմադիր դաշտի ամենակայացած ուժերից է ու ՀՀԿ-ն է բացառապես որոշում իր քայլերը։

Մնացել էր դուք ասեիք պաշտոնաթող նախագահներն ու իրենց քաղաքական թիմերն ի՞նչ անեն։

Մտել եք քաղաքականություն, ձեր գործն է…մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք ։

Գնացեք ձեր տեղը նվաճեք ընդդիմադիր դաշտում, ի՞նչ եք կպել պաշտոնաթող նախագահներից ու նրանց թիմերից։

ՀՀԿ-ի երիտասարդական կառույցն ավելի շատ բան է արել Նիկոլին հեռացնելու համար, քան դուք։ ՀՀԿ-ի ներկայացուցիչները կալանավորվել են, ձերբակալվել են, բերման են ենթարկվել։

Դուք ո՞ւր էիք էդ ժամանակ, ո՞ւր։

Հեռու մնացեք ՀՀԿ-ից, գնացեք ձեր ձայները հավաքեք, եթե ունեք։

2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել, բայց թիթեռնիկի կյանք են ունեցել, իսկ ՀՀԿ-ն պայքարել, պայքարում ու պայքարելու է»,–ասվում է գրառման մեջ։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ևս հայտարարել է, որ, ամենայն հարգանքով, բայց նախկին նախագահներն, իր կարծիքով, չպետք է մասնակցեն 2026–ի ընտրություններին։

Leave a Comment