Ընտանեկան բռնության դեպք՝ հաշմանդամություն ունեցող ամուսնու նկատմամբ

Դեկտեմբերի 22-ին Կոտայքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Պարկինսոն» և «Երևանյան հիվանդություններով» տառապող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցեղ ամուսնուն ցավ պատճառելու, ծաղրելու, հայհոյելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործը ուղարկվել է դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Գագիկ Հարությունյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Գ․Գ․-ը մեղադրվում է այն հանցանքի կատարման համար, որ նա, Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի X շենքի X բնակարանում իր հետ համատեղ բնակվող և իրենից կախվածության մեջ գտնվող, «Պարկինսոն» և «Երևանյան հիվանդություններով» տառապող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցեղ ամուսնուն’ 1966 թվականին ծնված Հ.Կ.-ին, քննությամբ չարզված օրերին և ժամերին’ մինչև 2025 թվականի նոյեմբերի 06-ը ներառյալ, անհարկի նախատելով և օգտվելով նրա կախվածության, ինչպես նաև դիմադրելու հնարավորություն չունենալու կարգավիճակից’ պարբերաբար պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Որպիսի հանգամանքը դրսևորվել է ամուսնու մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ անգամ հարվածներ հասցնելով, զուգարանի համար նախատեսված օծանելիքն Հ․Կ․-ի աչքերին փչելով, աղը աչքերին լցնելով, սննդից զրկելով, բժշկի կողմից նշանակված դեղերից զրկելով, բջջային հեռախոսից օգտվելը սահմանափակելով, ննջարանից վտարելով, ինչպես նաև ծաղրելով ու ստորացնելով, որը հատկապես դրսևորվել է սեռական բնույթի հայհոյանքներով, երբեմն զուգարանում գտնվելու ժամանակ լույսը անջատելով’ հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ է պատճառել, այդ թվում’ աջ ազդրի միջին երրորդականի հետին-դրսային, ստորին երրորդականի առաջադրսային մակերեսների մեկական քերծվածքների, աջ ազդրի ստորին երրորդականի դրսային մակերեսի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Գ․Ս․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 196 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, որը սահմանում է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ 8․ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,

Նախատեսված պատիժը՝ ազատազրկում՝  երեքից յոթ տարի ժամկետով:

Մեղադրյալի նկատմամաբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment