«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ օրվա երկրորդ կեսին լրահոսում հայտնվեց չոր ու ցամաք մի լուր. Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») տարել են Սիսիանի ոստիկանություն՝ բանտ տեղափոխելու համար։
Անսպասելի չէր այդ ծանր լուրը։ Օրեր առաջ արդեն հայտարարվել էր. հրամանատարի դեմ երկամյա մեղադրական վճիռը մտել է «օրինական» ուժի մեջ և ուղարկվել է կատարման։ Օրերի հարց էր։
Ի՞նչ է եղել։ 2021 թվին վերաբերող ինչ-որ շինծու գործով առաջին ատյանի դատարանը Աշոտ Երկաթին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, բայց «պայմանական» էր տվել, այսինքն վճռել էր, որ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառվի։ Հետո դատախազը բողոքել էր վերաքննիչ դատարան, ու «պայմանական»-ի մասը բեկանվել էր. պետք է պատիժը ռեալ կիրառվեր։
Հետո պաշտպանը դիմել էր վճռաբեկ դատարան, բայց գործը վարույթ չէին ընդունել։
Այսպիսով, անսպասելի չէր այդ ծանր լուրը, բայց անարդարության ահավոր զգացողություն առաջացրեց։ Կոկորդ խեղդող անարդարության։ Մենք բոլորս իբր մեր «գործն ենք անում», մեկ էլ իմանում ենք՝ տարել են շատ հարգելի ա՛յս մարդուն, հետո՝ շատ արժանավոր ա՛յն մարդուն։ Հետո աղաղակում ենք, թե «իրավ չէ՛»։ Հետո բան չի փոխվում։ Հետո շարունակում ենք մեր «գործն անել»…
Հայ ազատագրական շարժման ականավոր հրամանատար Աշոտ Երկաթին երեկ տարան գերության։ Մենք ճաղերի տարբեր կողմերում ենք։ Ու իրականում պարզ էլ չէ՝ ճաղերի ո՛ր կողմում է բանտը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: