Լևոն Մնացականյանը Բաքվում հերքել է ապրիլյան պատերազմի մասին մեղադրանքները

Բաքվում հայ գերիների դեմ «դատական» նիստում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր եզրափակիչ խոսքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հերքել է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ մեղադրանքները։ Մնացականյանը շեշտել է, որ մարտական ​​գործողությունների ժամանակ չեն թիրախավորվել քաղաքացիական օբյեկտները, այլ թիրախ են հանդիսացել ռազմական օբյեկտները։ Նա նաև հերքել է Արցախյան առաջին պատերազմի իրադարձություններին վերաբերող մեղադրանքները։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է դեկտեմբերի 25-ին։

Նախորդ ​​նիստում Մնացականյանը հերքել էր հայկական կողմից վարձկանների՝ ռազմական գործողություններին մասնակցելու մեղադրանքը, ինչպես նաև Ադրբեջանի դատախազության պնդումը, որ ինքը ներգրավված էր 2020 թվականի պատերազմի գործողություն պլանավորելու մեջ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։ Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։

Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:

Leave a Comment