Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին քննարկել են սահմանադրական սկզբունքների, իրավական կանխատեսելիության հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին քննարկել են սահմանադրական սկզբունքների, իրավական կանխատեսելիության հարցերը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը զեկուցել է մշակվող հայեցակարգային ուղղություններով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց իրավական հիմնավորումները, նպատակային ուղղվածությունը և համակարգային ազդեցությունը սահմանադրական կարգի զարգացման համատեքստում։

«Մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների ամրապնդման, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սահմանադրական ինստիտուտների կայունության և գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկել և քվեարկել էին կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը։

Փաշինյանը նոյեմբերին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Արդարադատության նախարար հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստը մշակում է Սահմանադրական խորհուրդը։ Ըստ նրա՝ նոր տեքստի համաձայն մի շարք ոլորտներում ուժեղացվելու են ԱԺ լիազորությունները, նաև փոխվելու է ընտրությունների կարգը։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել էր 2020-ի փետրվարին՝ Փաշինյանի որոշմամբ։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա հստակ նպատակ և պետք է արտահայտի այն իրողությունը, որն այսօր կա ՀՀ-ում։ Մյուս կողմից՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու նախապայման է առաջ քաշում Բաքուն՝ պահանջելով հեռացնել Անկախության հռչակագրին հղում անելու դրույթը։

Leave a Comment