Որքա՞ն կլինի Ձեր մաքուր աշխատավարձը 2026-ին․ Աշխատավարձի հաշվիչ 2026

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, ինչի արդյունքում աշխատավարձից կատարվող պահումների կառուցվածքը փոխվում է։ Զուգահեռաբար վերանայվել են նաև դրոշմանիշային վճարի դրույքաչափերը։ How2B-ի թարմացված հաշվիչը հաշվի է առնում այս բոլոր փոփոխությունները՝ օգնելով Ձեզ ճշգրիտ հաշվարկել, թե որքան կկազմի Ձեր մաքուր եկամուտը նոր համակարգով։

Մուտքագրե՛ք «մաքուր» աշխատավարձը և մեր հաշվիչը նույն վայրկյանին ցույց կտա ձեր «գրանցված» (կեղտոտ) աշխատավարձը (և հակառակը), եկամտային հարկը, սոցիալական և դրոշմանիշային վճարները։

Աշխատավարձի հաշվիչը թարմացված է՝ համաձայն 2026 թվականի հունվարի 1-ից հետո գործող օրենսդրության։

powered by Advanced iFrame

Համեմատելու համար կարող եք հաշվել աշխատավարձը 2021, 2022, մինչև 2023 թվականի հուլիսի 1-ի, և 2024-25թթ․ հաշվարկներով։

Ինչպե՞ս է աշխատում աշխատավարձի հաշվիչը

2026 թվականին մաքուր աշխատավարձը ստանալու համար պետք է գրանցված աշխատավարձից հանել եկամտային հարկը, սոց․ վճարը, դրոշմանիշային վճարը, և առողջության ապահովագրության ամսական վճարը։ 

Պետք է հաշվի առնել․

  • Արդյո՞ք աշխատողը մասնակցում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
  • Արդյո՞ք աշխատողը օգտվում է գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների համար տրվող հարկային արտոնությունից

Մեր աշխատավարձի հաշվիչը հնարավորություն է տալիս նշել բոլոր տարբերակները՝ արդյունքում ստանալով ճշգրիտ արդյունք։

Եկամտային հարկի հաշվարկը 2026թ․-ին

Եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20%, որը հաշվարկվում է կեղտոտ աշխատավարձից։

Եկամտային հարկի այլ՝ 10% դրույքաչափ է գործում միայն գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների համար տրվող հարկային արտոնությունից օգտվող աշխատողների համար։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին պարտադիր մասնակցություն պետք է ունենան այն մարդիկ, որոնք ծնվել են 1974 թվականին և դրանից հետո, իսկ կամավոր մասնակցություն՝ մինչև 1974 թվականի ծնվածները։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային կամ սոցիալական վճարները հաշվարկվում են ամսական մինչև 1.125.000 դրամ եկամտից (նվազագույն՝ 75.000 դրամ աշխատավարձի 15-պատիկ): Աշխատավարձի հաշվիչը թարմացված է նշված փոփոխությամբ։

Սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է․

  • մինչև 500․000 աշխատավարձի դեպքում՝ 5%,
  • 500․000 դրամից ավելի դեպքում՝ Աշխատավարձի 10% — 25.000 դրամ:
  • 1.125.000-ից ավելի ստացողների համար՝ 87․500 դրամ կամ որ նույնն է՝ (1.125.000 x 10%) — 25.000 դրամ։

Աշխատավարձի հաշվիչից օգտվելիս նշեք՝ արդյոք մասնակցում եք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։

Դրոշմանիշային վճարի դրույքաչափերը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները 2026թ․ հունվարի 1-ից գանձվում են հետևյալ սանդղակով.

Մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում  1000 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում  15 000 դրամ

Նախորդ տարվա համեմատ՝ մինչև 1.000.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար դրոշմանիշային վճարի դրույքաչափը նվազել է՝ տարբեր խմբերի համար տարբեր չափերով, սակայն նվազած գումարը հիմնականում ուղղվելու է նոր ներդրվող առողջության համապարփակ ապահովագրության վճարի փոխհատուցմանը։

Առողջության համապարփակ ապահովագրության վճարներ

2026թ․ հունվարի մեկից ուժի մեջ է մտնում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, որին մասնակցելու են 200.000 դրամ և ավել աշխատավարձ ստացող աշխատողները։

Ամսական ապահովագրավճարի չափը կազմելու է ամսական 10800 դրամ, տարեկան՝ 129600 դրամ։

Սակայն, ինչպես ավելի վերևում նշել ենք, ապահովագրավճարի մի մասը փոխհատուցվելու է դրոշմանիշային վճարի նվազման հաշվին, մասնավորապես՝

  • մինչև 100.000 դրամ կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը 1500 դրամից նվազում է 1000 դրամի, ինչի արդյունքում աշխատողի ամսական մաքուր եկամուտը աճում է 500 դրամով: Նշված խումբը դեռևս չի մասնացելու առողջության ապահովագրության համակարգին։
  • 100.001-ից մինչև 200.000 դրամ կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը 3000 դրամից նվազում է 1000 դրամի, ինչի արդյունքում աշխատողի ամսական մաքուր եկամուտը աճում է 2000 դրամով։ Նշված խումբը դեռևս չի մասնացելու առողջության ապահովագրության համակարգին։
  • 200.001-ից մինչև 500.000 դրամ կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը 5500 դրամից նվազում է 1000 դրամի, ինչի արդյունքում տարբերությունը՝ 4500 դրամը, ուղղվում է առողջության ապահովագրավճարին։ Տվյալ խմբի համար ապահովագրավճարից ամսական 6000 դրամը վճարվում է պետական բյուջեից, և աշխատողը պետք է ամսական վճարի 300 դրամ տարբերությունը։
  • 500.001-ից մինչև 1.000.000 դրամ կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը 8500 դրամից նվազում է 1000 դրամի, ինչի արդյունքում տարբերությունը՝ 7500 դրամը, ուղղվում է առողջության ապահովագրավճարին։ Առողջության ապահովագրավճարի համար աշխատողը պետք է ամսական վճարի 3300 դրամ տարբերությունը։
  • 1.000.001 դրամ և ավել կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը չի փոխվում, մնում է 15.000 դրամ, և աշխատողն իր առողջության ապահովագրավճարի ամբողջ գումարը՝ ամսական 10.800 դրամը պետք է լրացուցիչ վճարի։

Է՞լ ինչ կարդալ՝

Leave a Comment