23 դեկտեմբերի 2025 – 17:57 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է կինոյի ֆինանսավորման նոր գործիք՝ նախատեսելով այն կիրառել 2026 թվականից՝ որպես լրացուցիչ աջակցման միջոց։
Նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսում նշել է, որ դեռևս «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի ընդունման փուլում նախանշվել է դրամագլխի մոդելը, և այժմ այդ գաղափարը կյանքի կոչելու ուղիներ են մշակվում։ Նրա փոխանցմամբ՝ դրամագլխի տրամադրման կարգն արդեն ձևակերպվել է և քննարկվել ոլորտի մասնագետների հետ, հայտնում է Արմենպրեսը։
Անդրեասյանը հուսով է, որ մեխանիզմը շուտով կդրվի կառավարության քննարկմանը և կընդունվի։
«Ծրագրում ենք այս մեխանիզմը գործարկել 2026 թվականին։ Այն հնարավորություն է տալու մի շարք ուղղություններով կինոյի ոլորտում ծրագրեր ֆինանսավորել։ Հիմնական գաղափարն այն է, որ ոլորտը պետք է ունենա ինքնաբավություն ֆինանսավորման տեսանկյունից և մեխանիզմներ՝ ֆինանսավորելու այն ծրագրերը, որոնք շարունակականություն են պահանջում կամ դեբյուտային ծրագրեր են, երիտասարդ ռեժիսորների առաջարկներ են։ Այդ իմաստով դրամագլուխը պետք է շարունակաբար համալրվի։
Համալրման գաղափարը կարևոր է, որպեսզի մենք հասկանանք ու պատկերացնենք կինոարտադրությունն իբրև մի համակարգ, որտեղ այդ շրջանառությունը կարող է վերադառնալ և էլի ծառայել կինոոլորտի զարգացմանը. օրինակ՝ նկարահանվում են տարբեր ֆիլմեր, դուրս են գալիս շրջանառության, ինչի արդյունքում լինում են մուտքեր, և այդ մուտքերի առնվազն մի մասը կարող է վերադառնալ դրամագլխին ու ֆինանսավորել նոր ծրագրեր, ինչին պետք է գումարվեն նաև պետության կողմից դրամագլխին արվող փոխանցումները։ Համատեղ ջանքերով ձևավորված դրամագլուխը հնարավորություն կտա ոլորտում եղած ամենատարբեր ծրագրերի ֆինանսավորման համար»,-մանրամասնեց նախարարը։
Նա հավելել է, որ այս նախաձեռնությունը չի փոխարինում գործող մրցութային դրամաշնորհների համակարգին։
Խոսելով վերջին շրջանի հաջողությունների մասին՝ նախարարը առանձնացրել է ռեժիսոր Թամարա Ստեփանյանի ձեռքբերումները։ Նրա «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» բաժնում, իսկ «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը ցուցադրվել է Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում՝ որպես բացման կինոնկար։
«Շատ ուրախ եմ, որ նախորդ տարվանից արդեն ունենք պետության գործարկած դրամական խրախուսման կարգ, և բոլոր արվեստագետները, որոնք նշանակալի հաջողություններ են գրանցում միջազգային հեղինակավոր փառատոններում և հարթակներում, արժանանում են նաև պետության կողմից գնահատման՝ դրամական խրախուսման ձևով։ Թամարա Ստեփանյանը մեր այս ծրագրի շահառու է»,-ասել է նախարարը։
Նա հիշեցրել է նաև Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, որն ընդգրկվել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագրում և արժանացել է 3-րդ մրցանակի։ Այն ներառվել է նաև Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում՝ արժանանալով «Լավագույն կարճամետրաժ» ֆիլմ մրցանակին, իսկ Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին։
Անդրեասյանը հիշեցրել է նաև Զաքար Դեմիրճյանի և Րաֆֆի Մովսիսյանի հեղինակած «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն ֆիլմը, որը հայտնվել է աշխարհի հեղինակավոր «Անսի» անիմացիոն կինոփառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում, ինչպես նաև մասնակցել է Բուխարեստի փառատոնին։
Անդրադառնալով կինոժառանգության պահպանման հարցերին՝ նախարարը նշել է, որ 2025 թվականին թվայնացվել և վերականգնվել է 13 ֆիլմ, որի համար պետությունն ուղղել է ավելի քան 81 միլիոն դրամ։
«Սա շարունակական քաղաքականություն է, և մենք Կինոյի հիմնադրամի համար մշակել ենք կարևոր ծրագիր, որը վերաբերում է մեր կինոժառանգության պահպանման պայմաններին։ Գիտենք, որ այսօր լավագույն պայմանները չունենք, իսկ իրականում իրավիճակը շատ վատ է։ Կարևոր է, որ համապատասխան ներդրումներ արվեն, որ կինոժառանգության պահպանման պայմաններ ձևավորվեն։ Այս ծրագիրը տևական ժամանակ քննարկում ենք ու հաջորդ տարի կսկսենք դրա իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել և պատշաճ միջավայր ձևավորել»,-եզրափակել է Անդրեասյանը։