Ավագանու նիստում առաջարկվել է սահմանափակել սուպերմարկետների աշխատաժամերը՝ փոքր բիզնեսներին խթանելու համար

Ընդդիմադիր «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը առաջարկել է սահմանափակել մայրաքաղաքի սուպերմարկետների գործունեությունը փոքր բիզնեսներին աջակցելու համար


ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․Ընդդիմադիր «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը առաջարկել է սահմանափակել մայրաքաղաքի սուպերմարկետների գործունեությունը փոքր բիզնեսներին աջակցելու համար։


Այսօր ավագանու նիստում նա անդրադարձել է վերջերս խանութի հետ կապված աղմկահարույց միջադեպին, երբ վարչապետի աշխատակազմի աշխատակցին առաջարկել էին այլ գին վճարել կանխիկի առևտրի դեպքում։


«Տղերք, դուք այդ գերազանցիկի սինդրոմը ե՞րբ եք հաղթահարելու։   Ձեր վերադասին (վարչապետին – խմբ.) հաճոյանալու համար դուք վնաս եք տալիս սովորական խանութներին: Դժվա՞ր էր բացատրել, որ խանութը ոչ թե պետությանն է խաբել, այլ ընդամենը գոյություն ունի տարբերություն՝ կանխիկ վճարելու և քարտով», – ասել է Ավագյանը՝ դիմելով Կենտրոնական բանկի կառավարչին, էկոնոմիկայի նախարարին, ՊԵԿ նախագահին և ֆինանսների նախարարին։


Նրա խոսքով՝ տարբերությունը ընդամենը բանկային միջնորդավճարն է, որը հասնում է 2.5%-ի։


«Մենք ունենք մի քանի սուպերմարկետներ, որոնք սպասարկում են մի քանի ընտանիքների համար և գնալով մեծանում են։ Եկեք սահմանենք որոշակի ժամեր կամ կիրակի օր, որ սուպերմարկետները չաշխատեն, ասենք՝ երեկոյան ժամը 22:00-ից հետո, – առաջարկել է Ավագյանը՝ նշելով, որ այդպիսով կխթանենք փոքր տնտեսվարողներին և կզարգացնենք փոքր բիզնեսը։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներից մեկը մտել է խանութ՝ առևտուր անելու, և նրան հայտնել են, որ կանխիկ առևտրի դեպքում ապրանքի գինն ավելի ցածր է։


Վարչապետը հայտարարել էր,որ պետք է փակել այդ խանութը, ինչպես նաև հայտնել, որ ինքն անձամբ ամեն օր անցնելու է այդ խանութի կողքով՝ հետևելու նպատակով, իսկ խանութն աշխատելու է միայն այն պարագայում, երբ ինքը կտա իր անձնական թույլտվությունը։

Leave a Comment