ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերի և գլխավոր դատախազ Քվամե Ռաուլի դեմ՝ պնդելով, որ դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցների գործունեությունը կարգավորելու նրանց փորձերը հակասահմանադրական են:
Դեմոկրատ Պրիցկերը հոկտեմբերին ստորագրել է «Illinois Bivens Act»-ը, որը դատական հայց ներկայացնելու իրավունք է տալիս քաղաքացիական ներգաղթի ընթացակարգերի ժամանակ սահմանադրական իրավունքների խախտման համար: Իսկ դեկտեմբերի 9-ին՝ «Court Access, Safety, and Participation Act»-ը, որը դատարանների շենքերին հարող տարածքներում ապահովում է դատական գործընթացների մասնակիցների պաշտպանությունը՝ քաղաքացիական ձերբակալություններից։
«Ցավոք, Իլինոյսի քաղաքական գործիչները նախընտրում են հարձակվել իրավապահ մարմինների վրա դատական հայցերի և փոխհատուցման վճարների միջոցով, փոխանակ ICE-ի (Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայություն) Criminal Alien Program-ին աջակցելը, որն իր առաջնահերթ խնդիրն է համարում այնպիսի վտանգավոր հանցագործ օտարերկրացիների անվտանգ արտաքսումը, ինչպիսիք են մարդասպանները, երեխաների բռնաբարողները և այլ լուրջ իրավախախտները», — ասվում է ԱՄՆ դատախազ Սթիվեն Վայնհոֆտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Արդարադատության նախարարության կայքում։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ իրենց գործողություններով Չիկագոյի իշխանությունները վտանգ են ստեղծում սպաների անվտանգության համար, ովքեր առանց այդ էլ բախվում են հետապնդումների և բռնության աննախադեպ ալիքի, ինչպես նաև «վտանգի տակ են դնում իրավապահ մարմինների կարևոր գործողությունները»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ICE-ի տվյալներով՝ 2025 թվականի հունվարից ի վեր Իլինոյս նահանգում ազատ են արձակվել անօրինական կերպով ներգաղթած 1768 հանցագործներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է նահանգապետ Պրիցկերին՝ Չիկագոյում անվտանգությունն ապահովելու անկարողության համար։ Միևնույն ժամանակ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալները վկայում են, որ քաղաքում բռնի հանցագործությունների մակարդակը 2024 թվականին նվազել է 11%-ով՝ նախորդ տարվա համեմատ և գրեթե կրկնակի անգամ՝ համավարակին նախորդած ժամանակաշրջանի համեմատ։ Նահանգապետ Պրիցկերն իր հերթին մեղադրել է Թրամփին բռնապետության ձգտելու և ամերիկյան քաղաքի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։