Վագիֆ Խաչատուրյանը հոսպիտալացվել է․ վիճակը գնահատվում է ծանր

Կալանքի տակ գտնվող Վագիֆ Խաչատուրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատուրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ նրա մոտ ի հայտ են եկել շնչահեղձություն և սրտի շրջանում ցավեր։ Նրան նախ ցուցաբերվել է առաջնային բժշկական օգնություն Արդարադատության նախարարության բժշկասանիտարական բաժնում, որից հետո նա շտապ տեղափոխվել է բուժհաստատություն, որտեղ իրականացվել են ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումներ։ «Քանի որ վիճակի զգալի բարելավում չի արձանագրվել, Խաչատուրյանը տեղափոխվել է պետական համապատասխան բժշկական կենտրոն։ Ներկայումս նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ բուժումը շարունակվում է»,-նշում է ադրբեջանական աղբյուրը։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատուրյանը 2023 թվականի հուլիսին ձերբակալվել է Լաչինի միջանցքում, երբ Կարմիր խաչի ավտոմեքենայով նրան շտապ տեղափոխում էին շրջափակված Արցախից Հայաստան՝ սրտի հետ կապված լուրջ առողջական խնդիրների պատճառով։ Չնայած նա քաղաքացիական անձ է, որը հետագայում բազմիցս ապացուցվեց, և որևէ զինված կամ ռազմական գործունեության հետ կապ չի ունեցել, Ադրբեջանի դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ 1990-ականներին վերաբերող, նախկինում չքննված և չապացուցված մեղադրանքների հիման վրա։ Իրավապաշտպանները բազմիցս նշել են, որ Խաչատուրյանի նկատմամբ իրականացվել է կամայական ձերբակալություն, իսկ նրա դատավարությունը չի համապատասխանել արդար դատաքննության միջազգային չափանիշներին։

Leave a Comment