Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Նա դժվարանում է շնչել և սրտի ցավեր ունի։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է դեկտեմբերի 22-ին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։
Դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ։ Այդ որոշման համաձայն՝ դատարանը Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, որից առաջին 5 տարին նա կանցկացնի բանտում, մնացած 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում։ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։
Հակարիի կամրջից հուլիսի 29-ին առևանգված Արցախի քաղաքացի Խաչատրյանի դատավարությունն սկսվել էր հոկտեմբերի 13-ին՝ Բաքվում: Նրան մեղադրում էին 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշելի գյուղում իբր տեղի ունեցած «ցեղասպանության» գործով:
Դատարանի այս որոշման դեմ նոյեմբերի 27-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, որ բողոքը ձևական պաշտպանության շրջանակներում է և արդյունք չի տալու:
