Լաչինի միջանցքից առևանգված և Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի գերության մեջ գտնվող 70-ամյա Վագիֆ Խաչատուրյանը դեկտեմբերի 22-ին սկսել է վատ զգալ, դժվարացել է շնչառությունը, սրտի ցավեր է ունեցել։
Նշում է, որ Խաչատրյանին տեղափոխել են Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Ըստ հրապարակման՝ այնտեղ իրականացվել է ինտենսիվ թերապիա, սակայն նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, և նա տեղափոխվել է համապատասխան պետական բժշկական հաստատություն։
Վագիֆ Խաչատրյանի վիճակը գնահատվում է ծանր։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2023-ի հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին:
Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։
2023-ի նոյեմբերին Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։