
Օրերս Փարիզի Ինալկո համալսարանում տեղի է ունեցել Արցախի մշակութային հուշարձանների պահպանության հիմնախնդիրներին նվիրված միջոցառում։ Զեկուցումով հանդես է եկել պատմական գիտությունների դոկտոր, վիմագրագետ Արսեն Հարությունյանը։ Ինչպես նրա, այնպես էլ մյուս բանախոսների ելույթներում հնչել է այն միտքը, որ անկախ ժամանակաշրջանից՝ Արցախում հետևողականորեն ոչնչացվում կամ աղավաղվում են թե՛ հուշարձանները, թե՛ դրանց վրայի վիմագրությունները՝ նպատակ ունենալով ջնջել հայկական պատմական հետքը։


Այս համատեքստում հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրայնացումը դառնում են առաջնահերթություն։ Թեև ժամանակին անվանի պատմաբան, ազգագրագետ Սեդրակ Բարխուդարյանը ծավալուն ուսումնասիրություններ է նվիրել Արցախի հուշարձաններին, սակայն, այսօր դեռևս անսահման անելիք կա, քանի որ թիրախավորվում և ոչնչացվում են անգամ վերջին շրջանում արված հայերեն արձանագրությունները։
Ստեղծված իրավիճակում միակ ելքը խնդրի շուրջ օտարալեզու լսարանին պարբերաբար իրազեկելն է՝ գիտական հետազոտությունների, ուսումնասիրությունների և հրապարակումների միջոցով։ Այս հարցում այսօր օգնում են թվայնացումն ու թվային շտեմարանների ստեղծումը։
Մեծ դեր է կատարում Աննա Լեյլոյանի գլխավորած «Հիշատակարան» կազմակերպությունը, որի կայքում միայն այս տարի տեղադրվել է շուրջ 150 հոդված։ Ֆրանսիական կողմը նույնպես հետաքրքրված է այս խնդրով՝ տեխնիկական և կազմակերպչական մեծ աջակցություն ցուցաբերելով գիտաժողի կազմակերպմանը։