Հրատապ ահազանգերի թեմայի շրջանակում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը խոսեց մայրաքաղաքի կանաչապատման և էկոլոգիական խնդիրների մասին։ Վերջին մի քանի տարիներին Երևանի էկոլոգիական սեգմենտին տրամադրվում է բյուջեի 3-3․5 տոկոսը։
Նախքան դա՝ Սուքիասյանը բարձրացրել էր շինթույլտվություններից քաղաքի բյուջե մտնող գումարի հարցը։
«Որոշակի տրամաբանություն կլիներ, որ եթե շինթույլտվությունների արդյունքում բարձրանալու է քաղաքի աղտոտվածության մակարդակը, նույն այդ շինթույլտվություններից եղած ֆինանսական մուտքերն ուղղել նաև բնապահպանական կոմպոնենտին, որպեսզի քաղաքը երկարաժամկետ հեռանկարում է՛լ ավելի մեծ խնդիրների չբախվի։ Տարբեր կառույցներ աղաղակում են, որ Երևանը դարձել է ասֆալտբետոնե անտառ»,-ասաց նա։
Սուքիասյանը կարծում է՝ 2026-ին քաղաքի կանաչապատմանն ավելի մեծ բյուջե պետք է հատկացվի․ «Կանաչապատումը միայն ծառ տնկելը չէ, կամ ջրատար կառուցելը։ Դա համալիր խնդիր է»։