Տարեվերջին բոլորը շտապում են ավարտին հասցնել իրենց գործերն ու նվերներ գնել: BRAVO.am-ն էլ փոքրիկ զրույցների շարքով կամփոփի 2025-ը: Մեր առաջին զրուցակիցը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանն է:
– Որո՞նք եք համարում 2025 թվականի ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը:
– Իմ ձեռքբերումներից մեկը Նիկոլայ Ծատուրյանի հետ աշխատելն էր: Իսկ կորուստ չեմ ունեցել. կարծում եմ՝ ինչը կորցնում ենք, ուրեմն մերը չէր կամ դրա ժամանակն էր։ Կորուստը հենց ավարտ եմ համարում։
– Ի՞նչ եք Ձեզ հետ տանում գալիք տարի:
– Ինձ հետ տանում եմ ինձ, իմ մտքերն ու նպատակները։
– Ո՞րն էր տարվա ամենաուժեղ մշակութային ազդեցությունը:
– Ծանոթություններն էին արվեստի բնագավառում ստեղծագործողների հետ: Նրանց հետ շփումից իսկապես մշակութային շոկ էի ապրում:
– 2025-ին դիտած լավագույն ֆիլմն ու ներկայացումը:
– Ֆիլմը 1998-ին նկարահանված «Թրումանի շոու»-ն է, որն այս տարի եմ նայել (ծիծաղում է,-հեղ.): Ներկայացումը Մհեր Մկրտչյան թատրոնում Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած «Ֆիլումենա Մարտուրանո»-ն է ու Համազգային թատրոնի «Լակոտը»:
– Նոր տարվան նվիրված Ձեր սիրելի երգը:
– Թաթայի «Նոր տարի»-ն (ծիծաղում է,-հեղ.):
– Ֆիլմը:
– «Սուրբծննդյան քրոնիկոն»:
– Տոնական ուտելիքը։
– Թփով տոլմա:
– Մինչեւ 2026-ը ի՞նչ եք ուզում հասցնել անել:
– Մինչեւ դեկտեմբերի 26-ը հասնել Կապան:
– 2025-ը Ձեզ համար մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք:
– Էմոցիոնալ:
– Տոնի ամենակախարդական պահը:
– 00։01-ին գիտակցումն է, որ ոչինչ չի փոխվել ու դրանցից բխող ենթադրությունները:
– Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից:
– Ձմեռային անվադողեր (ծիծաղում է,-հեղ.):
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Հովիկ Մալյանցի ու Ջեմմա Ադամյանի անձնական արխիվից
