Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են մետաղական լարով խեղդված, իսկ ոտքերը և ձեռքերը կապված 2 շուն

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 20-ին, հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել Երևանում կենդանիների նկատմամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գ. Տ․-ն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 12 հասցեում 2 շուն սատկած ընկած են, մետաղական լարով խեղդված են, իսկ ոտքերը և ձեռքերը կապված:
Կայքի տեղեկացմամբ, ահազանգով նշված վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերվել են մետաղական լարով խեղդած և կապված շները։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՔԿ-ի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գ. Տ․-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը «Դոգմա» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիրն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։