Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումներից հետո այս պահին իրավիճակը հանդարտ է․ բախումների հետևանքով հայ համայնքում տուժածներ չկան։
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հալեպում տեղի ունեցած բախումներից հետո տիրող ընդհանուր իրավիճակը։
Գաբրիելյանը նշեց, որ բախումները սկսել են դեկտեմբերի 22-ին կեսօրին և շարունակվել են մինչև գիշեր։
«Այդուհանդերձ, կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել»,-նշեց Մարիա Գաբրիելյանը։
Նա նաև հայտնեց, որ հաշվի առնելով մտահոգիչ և լարված իրավիճակը՝ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կենտրոնները։
«Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին»,-մանրամասնեց Բերիո Հայոց թեմի խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպում կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումներից հետո հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։
Նաև նշվել էր, որ ՍԴՈւ-ի կողմից քաղաքի թաղամասերում խաղաղ բնակիչների վրա հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ (մայր և երեխա), ևս 15 խաղաղ բնակիչ վիրավորվել է։