«Դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են». ՊՆ–ն արձագանքել է պարգևավճարների մասին տեղեկությանը


Պաշտպանության նախարարությունն արձագանքել է մամուլի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ ՊՆ–ում միլիոններով պարգևավճար են ստացել։ «Պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ մեկ պաշտոնային դրույքաչափով, և դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են»,–նշել են ՊՆ–ից։


Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր. «ՊՆ-ում տարեվերջյան պարգեւատրումները նոր մեթոդով են անելու։ Կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական եւ քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգեւավճարներ կստանան 2025 թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։


 

Ի տարբերություն վերնախավի՝ քաղծառայողները կպարգեւատրվեն 62-145 հազար դրամով։ «Թուլափայ են տալիս, որ ձեններս դուրս չգա, բայց չեն հասկանում՝ սրանով ավելի են վիրավորում։ Պահումներն էլ հանած՝ 50-90 հազար հազիվ ստանանք։ Դրանց հաշվարկի մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե այնքան փող կա, որ ավելցուկ է տվել` բաժանելով չի վերջանում, ուրեմն այնպես հաշվեիք, որ ռախիտի գլխի չնմանվեր՝ վերեւը՝ տռզած, ներքեւը՝ բարակ»,- դժգոհեց մեր աղբյուրը։


Բացի պարգեւավճարը, նախարարության ծառայողները մեկ դրույքաչափ էլ 13-րդ աշխատավարձ կստանան՝ 600-700 հազար դրամ։ «Խոպան են եկել, ոտը ոտներին գցած՝ միլիոններ են ստանում։ Բանակի բերնից կտրում՝ իրենց գրպանն են լցնում։ Թե ինչ է կատարվում սահմանին, ինչ վիճակում են դիրքերը, իրենց հետաքրքիր չէ»։ Միլիոնների պարգեւավճարը ՊՆ-ում համարում են նախընտրական շրջանի օրինականացված ընտրակաշառք»։




Leave a Comment