Քաղաքականություն
23.12.2025 | 13:33
«Քննարկումները դեռ չի նշանակում ինչ-որ բանում ներգրավվել։ Ես չեմ տեսնում հնարավորություն, որ ամերիկացիները համաձայնվեն ռուսական կողմը ֆինանսական ներդրում ունենա TRIPP-ի մեջ»,- Factor.am-ի հետ նման կարծիք է հայտնում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի քննարկումներին։
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին ասել է, որ TRIPP-ի իրականացումն առնչվում է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին։
«Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Հովսեփ Խուրշուդյանը նշում է, եթե ՌԴ-ն մասնակցություն էլ ունենա, ապա TRIPP-ը կառավարող կոնսորցումը լինելու է հայկական և ամերիկյան կողմերի լիակատար ղեկավարման ներքո։ «ՌԴ-ն առավելագույնը գումար ներդնի՝ շահույթ ստանալու ակնկալիքով, բայց, էլի եմ ասում, դրա հավանականությունը տեսնում եմ մի քանի տոկոսի շրջանակներում։ Գրեթե անհավանական եմ համարում, որ Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ն ՌԴ-ի նման մասնակցությունը թույլ տան։ Ես սա ավելի շատ տեսնում եմ քաղաքավարական քննարկումների, ընդհանուր առմամբ չմերժելու, բայց դետալներում արդեն մերժելու հեռանկարում»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ խոսելիս առաջ է քաշել նաև ՀՀ-ով անցնող որոշ երկաթուղային ուղղությունների վերականգման հարցը։ Վարչապետը, մասնավորապես, նկատի ունի Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Հայաստանի երկաթուղին կառավարվում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից։ Իշխանափոխությունից հետո հայտնի դարձավ, որ ՀԵԱ-ում 60 մլն դոլարի չարաշահում է բացահայտվել, սակայն, քրեական գործը կարճվեց, ՀՀ-ն պետբյուջեից սուբսիդավորում է ռուսական ընկերությանը։ Հայաստանյան երկաթուղային ցանցը ռուսական ընկերությունը կառավարելու է մինչև 2038 թվականը։ Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունն այս համագործակցությունը դադարեցնելու փոխարեն փորձում է առավել խորացնել այն, հետաքրրքվեցինք Հովսեփ Խուրշուդյանից։
«Հայաստանն օր առաջ պետք է հրաժարվի այդ կոնսենցայից, բայց այս հարցն այն մակարդակի վրա է, թե ինչու իշխանությունը մինչև հիմա լյուստրացիա չի անում։ Որովհետև այն ամենն ինչը բերելու է ՌԴ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման, իշխանությունները փորձում են դրանից փոխանցել։ Պուտինի հետ այս քաղաքավարական քննարկումներն այս շրջանակներում են։ Արվում է այնպես, որ ՌԴ-ին կտրուկ չմերժեն և հարաբերությունները որևէ հարցում չտուժեն»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանն ու անդրադառնալով հարցին՝ արդյոք այսօրինակ քննարկումները չեն հակասում ԵՄ ինտեգրմանը, նշեց․
«Խոսակցությունները մեծ հաշվով ոչ մի բանի չեն հակասում, երբ այդ խոսակցությունները հանկարծ գործի վերածվեն, այո՛, կհակասի։ Եթե ՀՀ-ն ասի, որ ԱՄՆ և ԵՄ ձեզ հետ ստորագրեցինք TRIPP-ը, բայց տալիս ենք, որ ՌԴ-ն կառուցի, ես դա բացառում եմ։ Այդպիսի բանը կհակասի ԵՄ-ին»։
Նարեկ Կիրակոսյան