Պաշտպանության նախարարությունում նոր մեթոդով բաժանվող միլիոնների պարգևավճարը համարում են «նախընտրական շրջանի օրինականացված ընտրակաշառք», գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կառավարության ներդրած պիլոտային ծրագրի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական և քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգևավճարներ կստանան 2025 թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։
Թերթի տեղեկությամբ՝ 4 մլն 800 հազար դրամ կստանան նախարարի երեք տեղակալները: 2 մլն 600 հազար՝ երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու ևս մի քանի աշխատակից։ Այս խմբի պարգևավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։ Նրանցից փոքր-քիչ պակաս կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը՝ մոտ 50 մարդ։ Այդ անձինք կպարգևատրվեն 1 մլն 200 հազարական դրամով, նշել է թերթը։
Ինչ վերաբերվում է քաղծառայողներին, ապա նրանք կպարգևատրվեն 62-145 հազար դրամով, ինչից նրանք դժգոհ են մնացել։ Նախարարության ծառայողները նաև մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ կստանան՝ 600-700 հազար դրամ։
ՊՆ-ն դեռևս չի արձագանքել նոր մեթոդով պարգևավճարների մասին հրապարակմանը։ Armenia Today-ը հարցում է ուղարկել նախարարության մամուլի ծառայություն։
