«Հայաստանի իշխանությունները 2025 թվականին շարունակում էին սպասարկել արտաքին քաղաքական օրակարգը, որը թելադրվում էր դրսից, և ներքին ամբողջ քաղաքական օրակարգը նպատակ ուներ հնարավորինս կոտրել այն դիմադրողականությունը, որը կարող էր ձևավորվել Հայաստանի ներսում, որպեսզի խոչընդոտի այդ արտաքին պատվերների կատարմանը։ Հայաստանի իշխանություններն այս առումով բավականին ներդաշնակ քաղաքականություն էին վարում։ Կարող եմ պնդել, որ 2025 թվականին Հայաստանը գրեթե լիովին մտավ արտաքին կառավարման տակ։ Ընդ որում՝ արտաքին կառավարման հիմնական օպերատորը, որն արտաքին կառավարում է հաստատել Հայաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների միջոցով, Ադրբեջանն է։ Սա չի նշանակում, որ գլխավոր ստրատեգները, շահառուները միայն իրենք են։ Թուրքիան, Մեծ Բրիտանիան, արտաքին մնացած խաղացողները Հայաստանի նկատմամբ արտաքին կառավարումն իրականացնում են Ադրբեջան օպերատորի միջոցով, որն էլ այդ արտաքին կառավարումը, բնականաբար, իրականացնում է Հայաստանի գործող իշխանությունների միջոցով։ Սա 2025 թվականին Հայաստանին վերաբերող թերևս ամենապարզ արդյունքն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ընդգծում է՝ Հայաստանի ներքին օրակարգն ուղղված էր արտաքին այդ պատվերը սպասարկելուն, այսինքն՝ որքան հնարավոր է անխոչընդոտ դաշտ ստեղծել արտաքին այդ կառավարման նպատակները սպասարկելու համար։ «Կալանավորումները, ռեպրեսիաները, Հայ առաքելական եկեղեցու դեմ այս աննախադեպ հակաքրիստոնեական խայտառակ արշավը, Արցախի պարագայում Մինսկի խմբից հրաժարվելու մակարդակով հարցի փակումը, Հայոց ցեղասպանության օրակարգից փաստացի հրաժարումը, արհեստական դիսկուրս ձևավորելը «իրական և պատմական Հայաստանի» միջև, «Կրթությունը նորաձև է» նախագծի իրականացումը, այսինքն՝ հայ մարդու վերաձևավորմանն ուղղված՝ ուղեղի լվացման ծրագիրը։ Ցանկանում են հայ մարդուց կոսմոպոլիտ ինչ-որ ամիոբա կամ սուբստանցիա սարքել։ Այս ամենն ուղղված է արտաքին կառավարիչների կողմից իրենց նպատակներն անխոչընդոտ իրականացնելուն։ Հայաստանի նկատմամբ արտաքին կառավարում իրականացնողների համար շատ կարևոր է, որպեսզի 2026 թվականին գործող իշխանությունները գործիքակազմը իրենց ձեռքում պահպանեն, ամեն ինչ անում են, որպեսզի 2026 թվականին այս իշխանությունները վերարտադրվեն։ Տարվա վերջին աննախադեպ քաղաքական երևույթի ականատես եղանք, երբ եվրաբյուրոկրատիան ուղղակիորեն, առանց թաքցնելու միջամտեց Հայաստանի ներքին քաղաքական օրակարգերին, ընտրական օրակարգերին։ Եվրամիության արտաքին գործերի համար պատասխանատուի՝ Կայա Կալլասի շուրթերով ասվեց, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին, որպեսզի նրանք օժանդակեն մեր երկրի այսօրվա իշխանություններին՝ նրանց դեմ իբր հիբրիդային պատերազմում։ Սա աննախադեպ և արտաքին միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, այսինքն՝ այս պարագայում եվրաբյուրոկրատիան, Արևմուտքի այն շերտը, որը կոչվում է խորքային պետություն, և որն այսօրվա ԱՄՆ-ի վարչախմբի գլխավոր հակառակորդներից մեկն է, ուղղակիորեն ֆինանսավորում է Հայաստանի իշխանություններին նախընտրական քարոզարշավում՝ 15 միլիոն տրամադրելով, խոստանալով տարբեր ծրագրերի ֆինանսավորում և այլն։ Սա դեռ բացահայտ է արվում, կարելի է միայն կռահել, թե ինչ ֆինանսական, վարչական, քաղաքական ռեսուրսներ են դրված, որպեսզի Հայաստանի այսօրվա վարչախումբը, որպես արտաքին կառավարման գործիք, պահպանի իր իշխանությունը Հայաստանում»,-նկատում է քաղտեխնոլոգը։
Կարծում է՝ 2026 թվականի ընտրությունները ստրատեգիական, գոյաբանական խնդիր են լուծում Հայաստանի Հանրապետության համար։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: