«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել շուրջ 30 երկրից հետ կանչել իր դեսպաններին, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է Թրամփը նման որոշում կայացրել:
– Նախ պետք է հասկանալ, թե որոնք են այն 30 երկիրը, որտեղից դեսպանները հետ են կանչվելու, որովհետև պետք է զուգահեռներ անցկացնել՝ հասկանալու համար դրանք այնպիսի երկրներ են, որոնք ինչ-որ հարցերում արտաքին քաղաքական տեսանկյունից փոխկապակցված են, թե՞ ոչ: Քանի որ ինֆորմացիան կցկտուր է, ու լիարժեք տեղեկություն դեռ չկա երկրների հարցում, այնուամենայնիվ, հասկանալի է, որ դրանք այն երկրներն են, որոնց հետ կամ ԱՄՆ-ն ինչ-ինչ հաջողությունների չի հասել դիվանագիտական ոլորտում, կամ, ըստ իս, հիմնական պատճառը սա է, որ դեսպաններն այն մարդիկ են, որոնք նշանակվել են Բայդենի վարչակազմի օրոք:
Տրամաբանական մեկ հարց է առաջանում այն համատեքստում, որ այդ դեսպաններին մնացել էր ամիսուկես, որպեսզի ավարտեին իրենց առաքելությունը այդ երկրներում, բայց նրանց արդեն հետ են կանչում՝ չսպասելով պաշտոնավարման ժամանակի ավարտին: Ինչպես գիտեք, Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնավարման ժամկետը ևս լրանում է հունվարին: Կարճաժամկետ ազդեցությունը Հայաստանի համար լինելու է այն, որ գտնվելու ենք անցումային շրջանում, իհարկե դեսպանությունը գործելու է ժամանակավոր հավատարմատարի միջոցով, ինչը սովորական բան է, ստացվում է, որ Վաշինգտոնի հետ ուղիղ կապը թուլանում է: Երկարաժամկետ սցենար՝ որպես այդպիսին, չկա:
Ամեն դեպքում սա ճգնաժամ համարել չի կարելի, բայց ինչ-որ տեղ ազդանշան է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների որակը կախված կլինի օգտակարությունից: ԱՄՆ-ն Հայաստանի մասով որդեգրել է իր քաղաքականությունը, հստակեցված են դիվանագիտական ասպարեզում իրենց գործիքակազմը ու դրանց համատեղումը մանավանդ «Թրամփի ուղու» համատեքստում: Ի դեպ ասեմ, որ հետաքրքիր հայտարարություն հնչեց Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակի կողմից, որ դեմոկրատները կարող են Թրամփի իմփիչմենթ նախաձեռնել, եթե 2026-ի ընտրություններից հետո Կոնգրեսում մեծամասնություն ստանան: Ընդ որում՝ սա իրատեսական հայտարարություն է, երբ տեսնում ենք, թե ինչպես է ընկնում Թրամփի վարկանիշը: Գուցե նաև այս որոշման պատճառը սա է, որովհետև նրան պետք են այնպիսի մարդիկ, որոնք վստահելի կլինեն այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն ունի ազդեցություն:
– Ասացիք, որ պատճառներից մեկը գուցե այն է, որ ցանկալի դիվանագիտական հարաբերությունների աստիճանի չեն հասել ԱՄՆ-ում այդ երկրների հետ, ո՞րն է այդ ցանկալի արդյունքը:
– Գուցե Բայդենի վարչակազմն այլ քաղաքականություն էր վարում Հայաստանի հետ, ու որքան էլ արտաքին քաղաքականության վեկտորը տվյալ դեպքում Թրամփի օրոք փոխվել է, բայց կարծում է, որ իրեն հավատարիմ չի լինելու իր վարչակազմի կողմից ընդունված որոշումներին:
– Ներկա փուլում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին ի՞նչ կասեք:
– ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը՝ Նարեկ Մկրտչյանը, որպես դիվանագետ ԱՄՆ-ի համար պերսոնա գրադա է, ու ես կարծում եմ, որ դեսպանի բացակայության պայմաններում շատ հարցեր լուծվելու են հենց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ: Ես նաև կարծում եմ, որ շատ ու շատ հարցեր մինչև այժմ էլ ԱՄՆ-ն քննարկել է հենց Նարեկ Մկրտչյանի հետ՝ առանց Հայաստանում ԱՄՆ դեսպանի:
Նարեկ Մկրտչյանը այն եզակի անձն է եղել, որի ագրեմանը ԱՄՆ-ն ուղարկել է ժամանակից շուտ, դեռ այն ժամանակ, երբ Լիլիթ Մակունցի դեսպանության ժամկետը չէր լրացել: Նման նախադեպ երբեք չի եղել պատմության մեջ, ԱՄՆ-ի համար նա շատ ընկալելի կերպար է, ինչ հարց կապված է Հայաստանի հետ, դա կատարվում է Նարեկ Մկրտչյանի միջոցով:
– Պարո՛ն Կարապետյան, ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ, որի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907 բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։ Հեռանկարային համարո՞ւմ եք, որ այս նախագիծը կընդունվի Կոնգրեսի կողմից:
– Դա փաստացի լակմուսի թուղթ է որովհետև հենց երեկ օնլայն ռեժիմով նրանք Ադրբեջանի հետ կնքեցին ռազմավարական համագործակցության պայմանագիր, որի մեջ մտնում է զենք-զինամթերքի, սպառազինության առուվաճառք: Հենց երեկ է եղել այդ նիստը, 907 բանաձևը վաղուց չկա, ոչ մի վետո չկա դրա նկատմամբ: Երբ այս բանաձևը չեզոքացվեց, դա համընկավ Մինսկի խմբի լուծարման հետ, որից հետո ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ առուվաճառքի բազմաթիվ պայմանագրեր է կնքել, այնպես որ, թող հերթական հեքիաթներ չպատմեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am