«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը
– Պարո՛ն Առաքելյան, 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին է ներմուծվել Հայաստան Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ու այն ի՞նչ ազդեցություն է ունենալու մեր տնտեսության վրա:
– Սա Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի խաղաղության օրակարգի հերթական PR քայլն է, որը միանշանակ որևէ դրական օգուտ չի տալու Հայաստանին, քանի որ Ադրբեջանը շատ լավ հաշվարկել է այն քայլերը, որ իրականացնում է: Արդյունքում մենք ունենք այն, որ Ադրբեջանը, չբացելով Հայաստանի հետ սահմանը, ինչ-որ ապրանքներ է ուղարկում ու աշխարհի մոտ տպավորություն թողնում, թե տեսեք՝ ես ճանապարհն ապաշրջափակել եմ: Որոշ ժամանակ հետո սրա դիմաց պահանջելու է Սյունիքով ճանապարհ՝ դիմացը ոչինչ չտալով:
Երկրորդ կարևոր հանգամանքը, որը տնտեսական է, այն է, որ իշխանությունները ոգևորված ներկայացնում են, թե Ադրբեջանի տարածքով ցորեն եկավ, բենզին եկավ, իսկ ի՞նչ է գնում Ադրբեջանի տարածքով, ո՞ւր է մեր արտահանումը, եթե ոչ Ադրբեջան, գոնե երրորդ երկիր, այսինքն՝ տնտեսական առումով էլ մենք որևէ դրական բան չենք ունենում, այլ ընդհակառակը: Ճանապարհի ապաշրջափակումը պետք է ապահովի արտահանման ծավալի աճ և ոչ թե՝ ներմուծման, եթե խոսում ենք տնտեսական զարգացումից:
Անդրադառնալով բենզինին՝ ուղղակի ծիծաղելի է, որ այդ փոքր ծավալի բենզինի ներմուծումը ներկայացնում են իբրև մեծ հաջողություն: Ակնհայտ է, որ սա արվում է հանրության վրա ազդելու համար, չեմ բացառում, որ իշխանության հետ ակնհայտ կապ ունեցող օլիգարխը նաև բենզինի էժանացում կանի, թեկուզ իր այլ շահույթների հաշվին, ցույց տալով, թե տեսեք-տեսեք՝ ադրբեջանական բենզինն ավելի լավ է, քան, ենթադրենք, ռուսականը կամ եվրոպականը:
Հատկանշական է, որ Ադրբեջանն ընդհանրապես բենզին արտահանող երկիր չէ, եկեք դա չխառնենք նավթի հետ: Ադրբեջանը նավթի արտահանմամբ է զբաղված, իսկ բենզինի արտադրություն Ադրբեջանը չունի արտահանման համար, հիմնականում ներքին սպառման համար է, ընդ որում՝ ադրբեջանական բենզինը բավականին անորակ է ու չի համապատասխանում ԵԱՏՄ բաժնին շատ հաճախ, և նոր-նոր քայլեր է անում բենզինի որակի բարձրացման ուղղությամբ, Ադրբեջանը շատ-շատ փոքր ծավալի բենզին է արտահանում Թուրքիա, Աֆղանստան, Վրաստան ու հիմա էլ՝ Հայաստան: Ադրբեջանն ինքն է բենզին ներմուծում Ռուսաստանից, Բուլղարիայից ու Ռումինիայից, այնպես, ինչպես բենզին է ներմուծում մեր հարևան Վրաստանը:
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե ադրբեջանական բենզինն այդքան լավն է, էժան է, ապա հարևան Վրաստանն ինչո՞ւ չի ներմուծում Ադրբեջանից՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական որևէ խնդիր չունենալով այդ երկրի հետ, այլ բենզին է ներմուծում ոչ բարեկամ Ռուսաստանից կամ այլ հեռավոր երկրներից: Հետևաբար այստեղ տնտեսական որևէ բաղադրիչ չկա, սա Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ PR քայլ է՝ բավականին լուրջ ու խորքային ռիսկեր պարունակող:
-Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունը լիարժեք գիտակցում է նման քայլերի հետ կապված խորքային ռիսկերը։
– Հայաստանի իշխանությունը եթե գիտակցության տարրական մակարդակ ունենար, ապա այս քայլին չէր գնա, սա խայտառակություն է, այս ամեն ինչից նման մեծ ոգևորություն չէին ապրի: Ամբողջ աշխարհը հիմա խոսում ու ձգտում է էլեկտրական շարժիչով մեքենաների, կանաչ տարածքների, իսկ սրանք ոգևորվել են, ինչ է թե բենզին են ներմուծել: Որ կողմից էլ նայում ես, բենզինի ներմուծումը որևէ դրական արդյունք չունի մեզ համար, որևէ մեկը չի հերքում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը, բայց դա չպետք է սկսվի անասնակեր կամ բենզին ներմուծելուց:
Ինչ-որ բան են ներմուծում մի երկրից, որտեղ ապօրինաբար մեր հայրենակիցներին են դատում՝ պահանջելով ցմահ ազատազրկում, մի երկրից, որը Ջերմուկի տարածքներն արդեն մի քանի տարի է՝ օկուպացված է պահում, որը էթնիկ զտման է ենթարկել արցախահայությանը: Հարաբերությունների կարգավորումը պետք է սկսվի առնվազն խնդիրները զրոյական մակարդակի հասցնելուց հետո՝ առաջինը գերիների ու տարածքների վերադարձ, որից հետո նոր տնտեսական հարաբերություններ:
– Ստացվում է, որ համաձայն չե՞ք իշխանության պնդումներին, թե ապաշրջափակում է տեղի ունենում, առևտուր ենք անում, արդեն սկսելու ենք լավ ապրել:
– Դե իշխանությունները լավ են ապրում՝ անկախ ամեն ինչից, բայց հասարակության վրա այս ամենը որևէ էական անդրադարձ չի ունենա:
– Իսկ մրցակցություն չի՞ առաջացնի, ինչն էլ կբերի բենզինի գների նվազման, պարո՛ն Առաքելյան:
– Ախր Ադրբեջանն ի՞նչ կապ ունի բենզինի հետ, Ադրբեջանը ամբողջ կիսամյակում 5 հազար տոննա բենզին է արտահանել, դա անգամ մեր մեկ ամսվա համար բավական չէ, այդքան ծիծաղելի է բենզինի արտահանման ծավալը: Բենզին արտահանող երկիրը տարածաշրջանում Ռուսաստանն է, հետո՝ Ռումինիան ու Հունգարիան, որոշ չափով նաև Արաբական Միացյալ Էմիրություններն են սկսել արտահանել:
Տնտեսական բլոկի պաշտոնյաներին կոչ եմ անում՝ թող բացատրեն, եթե Ադրբեջանը բենզին արտահանող երկիր է, նրա բենզինն այդքան մրցունակ է ու գալիս է փոխարինելու ռուսական, ռումինական ու հունգարական բենզինին, Ադրբեջանն ինչո՞ւ է բենզին ներմուծում: Ընդ որում՝ ներմուծման ծավալները 13 անգամ ավելի են արտահանման ծավալներից:
Բենզինի էժանացման մեջ կարևոր է նաև հարկային համակարգը, օրինակ՝ 1 լիտր բենզինի վրա մոտավորապես 120 դրամ միայն ակցիզային և ավելացված արժեքի հարկի ընդհանուր կարգավորումներ կան, այսինքն՝ այնպես չէ, որ եթե Ադրբեջանում բենզինն էժան է, ապա այստեղ էլ էժան կլինի: Բենզինի ներմուծման հետ կապված հարկային համակարգը այլ է, հետևաբար միայն այդ ներմուծված բենզինի գինը կարևոր չէ, կարևոր են նաև այլ ծախսեր, առավելևս՝ բավականին բարձր հարկերը, որոնք կան Հայաստանում:
Կրկնում եմ, որ սա միայն PR քայլ է, խաղաղությունը բենզին ներկրելով չի լինում, եթե Ադրբեջանը որոշի ռազմական ագրեսիայի դիմել, չի նայելու դրան, եթե ռազմական գործողություններ լինեն, մեր տնտեսությունն է տուժելու, ոչ թե Ադրբեջանինը, որովհետև մենք ենք կախված լինելու Ադրբեջանից, ներմուծողը մենք ենք, այլ ոչ թե հակառակը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am