22 դեկտեմբերի 2025 – 17:26 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 22‑ին Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատական ֆարսի հերթական նիստը, որի ընթացքում ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և ՊԲ նախկին հրմանատար Լևոն Մնացականյանը հանդես են եկել այսպես կոչված վերջին խոսքերով։
Նրանք իրենց հակափաստարկներն են ներկայացրել մեղադրանքների վերաբերյալ, գրում է APA-ն։
Որևէ բառ կամ մեջբերում նրանց խոսքից չի ներկայացվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։