ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Armenia Security Partnership Act-ը՝ Բաքվին աջակցությունը կասեցնելու նախաձեռնությամբ

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Armenia Security Partnership Act-ը՝ Բաքվին աջակցությունը կասեցնելու նախաձեռնությամբ

22 դեկտեմբերի 2025 – 17:14 AMT

PanARMENIAN.NetԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել մի նոր օրինագիծ, որը միտված է Հայաստանի անվտանգությունն ամրապնդելուն և Ադրբեջանին տրամադրվող օգնությունը կասեցնելուն։

Երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը Կոնգրեսին ներկայացրել են Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։ Այս նախաձեռնության ակտիվ առաջմղումը կայացել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքի շնորհիվ։

Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։

Նման քայլերի շարքում ընդգրկված են՝ բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը, ադրբեջանական զինված ուժերի լիակատար հեռացումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացումը, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանման ապահովումը։

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է․«Օրինագիծը դադարեցնում է Ադրբեջանի շարունակական ագրեսիան խրախուսող քաղաքականությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնավորում է խաղաղության կոնկրետ չափորոշիչներով ու պատասխանատվությամբ»։

Նախագծում ներառված է նաև ԱՄՆ կողմից Հայաստանի համար անվտանգության աջակցության վերանայում, որը միտված է ուժեղացնել երկրի պաշտպանական կարողությունները և զսպման ներուժը՝ այն պարագայում, եթե Ադրբեջանը չկատարի առաջադրված պայմանները։

«ARMENIA Security Partnership Act»-ի համահեղինակների թվում են կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոն և այլք։ Սպասվում է, որ օրինագիծը առաջիկայում կվայելի լայն երկկուսակցական աջակցություն։

«Օրինագիծը ներկայացվում է այն պայմաններում, երբ փորձ է արվում վերականգնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ չնայած Արցախի ամբողջական հայաթափմանը, հայ գերիների պահմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիային, միջազգային իրավունքի շարունակական խախտումներին և այլնին»,–ասվում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել է 1992 թվականին։ 2002 թվականից սկսած Միացյալ Նահանգների նախագահները շրջանցում են այդ լրացման կիրառումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ամերիկյան ռազմական օժանդակության ցուցաբերումը։

Leave a Comment