● Հոկտեմբերին աճը բարձրացավ մինչև 10.1 տոկոս (տ/տ)՝ շինարարության և մշակող արդյունաբերության շնորհիվ։
● Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 31.2 տոկոսով (տ/տ)՝ Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։
● Գնաճը նոյեմբերին աննշան նվազեց՝ կազմելով 3.1 տոկոս։
● Հոկտեմբերին թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման փուլային դադարեցումը շարունակվեց։
● Հոկտեմբերին գրանցվեց կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 1.4 տոկոսին համարժեք պակասուրդ։
Հոկտեմբերին տնտեսական ակտիվության երկնիշ աճը պահպանվեց՝ կազմելով 10.1 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) (գծապատկեր 1)՝ սեպտեմբերի 11.1 տոկոսի (տ/տ) համեմատ։ Սա հոկտեմբերին արդյունաբերության 17.9 (տ/տ) տոկոսի հասնող աճի շնորհիվ էր, քանի որ հանքարդյունաբերության և մշակող արդյունաբերության աճի տեմպը արագացավ՝ կազմելով համապատասխանաբար 15.9 տոկոս (տ/տ) և 20.8 տոկոս (տ/տ) (բարձրանալով սեպտեմբերի համապատասխանաբար 1.8 տոկոսից և 12.1 տոկոսից)։
Մշակող արդյունաբերության արագ աճը հիմնականում պայմանավորված էր հիմնային մետաղների արտադրության ծավալների 2.3-ապատիկ աճով։ Շինարարության բարձր աճը պահպանվեց՝ կազմելով 20.1 տոկոս (տ/տ)։ Ծառայությունների (առանց առևտրի) ծավալն ընդլայնվեց 12.8 տոկոսով (տ/տ)՝ բարձրանալով սեպտեմբերի 9.9 տոկոսից (տ/տ)։ Մեծածախ և մանրածախ առևտրի ակտիվությունը, 2024 թ. բարձր աճից հետո, կայունացավ 1 տոկոսի (տ/տ) մակարդակում։ 2025 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական աճի տեմպը, աճողական կտրվածքով, արագացավ՝ կազմելով 8.1 տոկոս (տ/տ), շարունակելով գերազանցել սկզբնական սպասումները։ Գրանցված բիզնեսները, մասնավորապես՝ անհատ ձեռներեցների թիվը, հոկտեմբերին, երկու ամիս անընդմեջ, բարձր էր՝ 25 տոկոսով գերազացնելով 2025 թ. հունվար-օգոստոս ամիսների միջինը։
Հոկտեմբերին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 31.2 տոկոսով (տ/տ)՝ բարձրանալով սեպտեմբերի 16.2 տոկոսից (տ/տ)։ Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի 2.2-ապատիկ աճով (ընդհանուրի 65.3 տոկոսը), ընդ որում Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերը կրճատվեցին 14 տոկոսով (տ/տ), իսկ մյուս երկրներից՝ 71.4 տոկոսով (տ/տ)։ Ա/ա (տվյալ ամիսը նախորդ ամսվա նկատմամբ) արտահայտությամբ՝ ներհոսքերի շարունակական անկում գրանցվեց՝ 11 տոկոս սեպտեմբերին և 5 տոկոս հոկտեմբերին (գծապատկեր 2)։
Նոյեմբերին տարեկան գնաճը նվազեց՝ հոկտեմբերի 3.7 տոկոսից (տ/տ) կազմելով 3.1 տոկոս (տ/տ) (գծապատկեր 3)։ Սա հիմնականում պայմանավորված էր նոյեմբերին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ավելի ցածր՝ 3.8 տոկոս (տ/տ) գնաճով՝ սեպտեմբերի 5.6 տոկոսի (տ/տ) համեմատ։
Հոկտեմբերին ներմուծման և արտահանման անկումը շարունակվեց՝ պայմանավորված վերաարտահանման փուլային դադարմամբ (գծապատկեր 4)։ Արտահանման ցուցանիշը հոկտեմբերին իջավ 21.8 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով սեպտեմբերի 24.4 տոկոսով (տ/տ) նվազմանը։ Ներմուծումը նվազեց 11.9 տոկոսով (տ/տ)՝ սեպտեմբերի 19.5 տոկոսի (տ/տ) համեմատ։ Սա հիմնականում պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանման (նվազումը՝ 45 տոկոս, տ/տ) և ներմուծման (նվազումը՝ 33 տոկոս, տ/տ) նվազմամբ։
Գրանցվել է նաև ոչ թանկարժեք մետաղների (նվազումը՝ 39 տոկոս, տ/տ) և մեքենա-սարքավորումների (նվազումը՝ 9.4 տոկոս, տ/տ) արտահանման ծավալների կրճատում։ Սա մասամբ չեզոքացել է հանքանյութերի (աճը՝ 21 տոկոս, տ/տ) և պատրաստի սննդամթերքի (աճը՝ 10.5 տոկոս, տ/տ) արտահանման ծավալների աճի հաշվին։ Հոկտեմբերին, հաշվի չառնելով թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանումը, արտահանման ցուցանիշը նվազել է 0.5 տոկոսով (տ/տ)։ Տարվա ընթացքում մինչ օրս արտահանման և ներմուծման աճողական ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 44.7 (տ/տ) և 31.2 տոկոսով (տ/տ)։ Նոյեմբերին զբոսաշրջիկների ժամանումներն աճել են 15.4 տոկոսով (տ/տ)՝ հոկտեմբերի 4.4 տոկոսի (տ/տ) համեմատ։
Նոյեմբերին ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը միջինը, հոկտեմբերի համեմատ, աննշան արժևորվեց։ 2024 թ. նոյեմբերի համեմատ ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 1.8 տոկոսով (տ/տ), սակայն եվրոյի նկատմամբ արժեզրկվեց 6.8 (տ/տ), իսկ ռուբլու նկատմամբ՝ 23.6 տոկոսով (տ/տ)։ Համախառն պահուստները աճեցին՝ հասնելով 4.6 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը համարժեք է 3.7 ամսվա ներմուծման ծածկույթի։
Հոկտեմբերին առևտրային բանկերի ավանդներն աճեցին 1.3 տոկոսով (ա/ա), իսկ վարկավորման ընդլայնումը կայունացավ 2.1 տոկոսի մակարդակում (ա/ա)։ Վարկավորման աճը կենտրոնացած մնաց ՀՀ դրամով սպառողական և
հիփոթեքային վարկերի վրա, որոնց միջինը բաժին է ընկնում վարկային պորտֆելի գրեթե 45 տոկոսը։ Թեև սպառողական վարկերի (տ/տ) աճի տեմպը արագացել է, հիփոթեքային վարկերի աճը դանդաղ նվազել է՝ արտացոլելով հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցումը։ Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը հոկտեմբերին կայուն է մնացել՝ կազմելով 16 տոկոս (տ/տ) ընդհանուր ավանդների և 27.2 տոկոս (տ/տ) վարկերի դեպքում (գծապատկեր 5)։
Հոկտեմբերին գրանցված՝ տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 1.4 տոկոսի հասնող պակասուրդը առաջինից երրորդ եռամսյակների ընթացքում գրանցված ընդհանուր պակասուրդի կրկնապատիկն էր։ Հոկտեմբերին հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքային վարկերի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճեցին 13.7 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված հավաքված եկամտային հարկերի (աճը՝ 13.2 տոկոս, տ/տ), շահութահարկերի (աճը՝ 46.5 տոկոս, տ/տ) և ԱԱՀ-ի (աճը՝ 4 տոկոս, տ/տ) ավելի բարձր ցուցանիշներով։ Սոցիալական վճարները բարձրացան 10.3 տոկոսով (տ/տ)։ Հավաքվող շրջանառության հարկի բարձր ցուցանիշի աճը պահպանվեց դրույքաչափերի բարձրացման հաշվին ՝ կազմելով 29 տոկոս (տ/տ)։
Նվազեցին միայն հավաքվող մաքսատուրքերը (նվազումը՝ 15.1 տոկոս, տ/տ) և բնապահպանական հարկերը (նվազումը՝ 0.7 տոկոս, տ/տ)։ Ընդհանուր ծախսերն ավելացան 11.5 տոկոսով (տ/տ)։ Կապիտալ ծախսերն աճեցին 16.3 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված ընդհանուր հանրային ծառայությունների 25 տոկոս (տ/տ) և պաշտպանական ծախսերի 10.7 տոկոս (տ/տ) աճով։ Կրթության ծախսերն աճեցին 15.9 տոկոսով (տ/տ)՝ դպրոցաշինության և վերակառուցման ծրագրերի շարունակվելուն զուգահեռ։ Ընթացիկ ծախսերն անվանական արտահայտությամբ աճեցին 12.4 տոկոսով (տ/տ), չնայած սոցիալական պաշտպանության ծախսերը նվազեցին 2.7 տոկոսով (տ/տ)։
Հունվար-հոկտեմբեր ամիսների պակասուրդի աճողական ցուցանիշը մեծացավ՝ հասնելով կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 2.1 տոկոսին, որի երկու երրորդը առարկայացավ հոկտեմբեր ամսին։ Սա դեռևս ցածր է մոտավորապես ՀՆԱ-ի 5 տոկոսը կանխատեսվող տարեկան պակասուրդից։
Համաշխարհային բանկ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


