Շուկան մեծանում է, YouTube-ից դեպի Հայաստան ֆինանսական հոսքերը՝ այդքան էլ չէ. «Հետք»

2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ ուղիղ եթերում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ այս հարցին։ Փաշինյանի խոսքով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից (ԲՏԱՆ) «խոստում են կորզել», որ ծառայությունը հասանելի կդառնա 2024 թվականի առաջին կիսամյակում։

Վարչապետը շեշտեց, որ սա կարևոր է երկրում մտավոր և ստեղծագործական աշխատանքը, առցանց կրթական ծրագրերը խթանելու համար։

2025 թվականը մոտենում է ավարտին, իսկ Փաշինյանի նշած ժամկետները վաղուց անցել են, սակայն Հայաստանը դեռևս չի ընդգրկվել YouTube-ի գործընկերների ծրագրում, որի անդամ լինելը դրամայնացման հիմնական պայմանն է։

ԲՏԱ նախարարությունը հայտնում է, որ սահմանափակումը պայմանավորված է բացառապես YouTube-ի ներքին քաղաքականությամբ։

«Հարցը գտնվում է ընկերության իրավասության ներքո և հանդիսանում է նրա ինքնուրույն որոշումը»,- նշվում է նախարարության պատասխանում։

Նախարարությունը վստահեցնում է, որ մի քանի ուղղություններով ակտիվորեն աշխատում է այս հարցի ուղղությամբ։ YouTube-ի հետ քննարկումների հիմնական առանցքում Հայաստանի բովանդակություն ստեղծողների աճող համայնքն ու թվային ստեղծարար ոլորտում գրանցված առաջընթացը։

2024 թվականի սեպտեմբերին YouTube-ի դրամայնացման ակտիվացման հարցը նախարարությունը քննարկել է Հայաստան ժամանած Google-ի պատվիրակության հետ։ Թե ինչ արդյունք է տվել այս հանդիպումը, դժվար է գնահատել: ԲՏԱ նախարարությունն ասում է՝ Google-ի ներկայացուցիչները վստահեցրել են, որ կաջակցեն Հայաստանում ծառայության գործարկման գործընթացի կարգավորմանը, սակայն այս փուլում վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Նրանք նաև առաջարկել են շարունակել համագործակցությունը։

Պաշտոնական պարզաբանման համար դիմեցինք նաև Google-ին, սակայն լրատվական բաժնին ուղարկված մեր հարցումներն անպատասխան մնացին։ Որպես բովանդակություն ստեղծող՝ կապ հաստատեցինք նաև YouTube-ի աջակցության թիմի հետ: Մասնագետը նշեց, որ ընկերությունն անընդհատ ընդլայնում է Գործընկերների ծրագրի աշխարհագրությունը, սակայն ասել, թե երբ Հայաստանը հնարավորություն կունենա միանալ այս ցանկին, չի կարող։ Այնուամենայնիվ խորհուրդ տվեց կարծիք գրել՝ որպես հեղինակ ու բարձրաձայնել խնդրի մասին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ իրենց ելույթներում պարբերաբար հայտարարում են, որ Կառավարության առաջնահերություններից մեկը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա տեղ ունենալն է։ YouTube-ի դրամայնացման քարտեզը, սակայն, այդքան էլ հուսադրող չէ։ Ծառայության ակտիվացման համար այժմ նոր վերջնաժամկետներ ու խոստումներ չկան, նախորդների մասին էլ կարծես մոռացել են։ Մի բան պարզ է՝ Հայաստանում բովանդակություն ստեղծողները հարթակից գումար աշխատելու սահմանափակ հնարավորություն ունեն, շուկան մեծանում է, YouTube-ից դեպի Հայաստան ֆինանսական հոսքերը՝ այդքան էլ չէ։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment