«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությանն ու խոսել շարժման նախաձեռնող, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ծրագրերից։
«Վրաստանում աղքատությունը մեկ տարում նվազել է 2,4%-ով։ Փաշինյանն իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2,4%-ով»,- գրել է Կարապետյանը։
Նա Փաշինյանի կառավարման տարիների «թույլ և աղմկոտ» է անվանել՝ շեշտելովմ որ դրա արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է, արձանագրվել է գնաճ։
«Դա բոլորը կարող են զգալ խանութներում և ամենուրեք՝ թանկացող ապրանքների գների միջոցով։ Ուժեղ ղեկավարը, ով տնտեսությունից ամենալավն է հասկանում՝ Սամվել Կարապետյանը, կհանի հազարավոր մարդկանց աղքատությունից»,- եզրափակել է նա։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
