Լրտեսության կամ դավաճանության գործը 7 հատոր էր
Հոկտեմբերի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մերժել էր վարույթ ընդունել Շուշիի նախկին քաղաքապետ, ԱԱԾ հետախուզության սպա, «Սարխան» ծածկանունով հայտնի Սարգիս Գալստյանի, նրա պաշտպան Ա.Կոչուբաեւի բողոքները։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թ. նոյեմբերի 22-ի դատավճռով՝ մեղադրյալ Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասսով եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 18 տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել էր 2024 թ. մարտի 30-ից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2025 թ. փետրվարի 20-ին որոշում էր կայացրել բողոքները մերժելու եւ առաջին ատյանի դատարանի՝ 2024 թ. նոյեմբերի 22-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։
Ս. Գալստյանը օրեր առաջ տեղափոխվեց ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
Ըստ պաշտպանական կողմի՝ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով կայացրել է ակնհայտ անարդար դատավճիռ. «Դատավճիռը կայացվել է բավարար ապացույցների բացակայության պայմաններում»։
Ա.Կոչուբաեւի բողոքի համաձայն, գործում առկա փաստական տվյալներն առավելագույնը կարող էին պարունակել մեղադրյալի վերաբերյալ կասկած, որն իբրեւ չփարատված՝ պետք է մեկնաբանվեր հօգուտ մեղադրյալի, որպիսի պայմաններում Սարգիս Գալստյանը առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեր։ Այս գործն ամբողջությամբ դատական տեղեկատվական համակարգում է, եւ արժե անդրադառնալ որոշ դրվագների, ինչը կանենք առաջիկայում նույնպես։
«Չանդրադառնալով այն հարցին, թե արդյոք Սարգսի Գալստյանը կարող էր առհասարակ հետապնդվել լրտեսության համար՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, քանի որ էական չէ, թե Սարգիս Գալստյանը հետապնդվել է պետական դավաճանության, թե լրտեսության համար, սակայն բարոյականության տիրույթում այն մեծ հետք է թողնում, որ արցախցին կարող է Հայաստանի Հանրապետությունում դիտարկվել որպես ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հետապնդվել այնպիսի հոդվածով, որը բնորոշ է օտարերկրյա քաղաքացուն։
Ավելին, անգամ սույն վարույթով քննիչ Ս.Հայրապետյանը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Սարգիս Գալստյանը կատարել է լրտեսություն կամ պետական դավաճանություն»,-նշել էր Ա.Կոչուբաեւը։
Ըստ պաշտպանի, քննությունը թերի է իրականացվել, որովհետեւ չկա գործից բխող որեւէ ողջամիտ տվյալ, որ Սարգիս Գալստյանը կարող է առնչություն ունենալ վերը նշված գործողությունների հետ։ Արձանագրվել էր, որ անձը մի դեպքում մեղադրվում է հատուկ ծառայության աշխատակցի կողմից հավաքագրվելու եւ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ փոխանցելու մեջ, որտեղ «հոդվածը դիսբալանսի մեջ է, որովհետեւ նշված արարքը եւ-եւ-ով չի կատարվում, կամ պետք է փոխանցվի պետական գաղտնիք ցանկացած պետության կամ պետք է փոխանցվի ցանկացած տեղեկություն հավաքագրված լինելու պայմաններում։ Հոդվածի տրամաբանությունը եւ դրա մեկնաբանությունը բերում են այն ընկալման, թե արդյոք Սարգիս Գալստյանը փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, թե ոչ։ Թեեւ այն կա մեղադրանքում, սակայն այն միայն մեղադրանքում է, եւ մենք չունենք փաստարկում, թե հատկապես ինչ տեղեկության մասին է խոսքը»։
Բողոքաբեր կողմի համար հստակ չի եղել, թե ինչպիսի տեղեկություններ են փոխանցվել թշնամում (օրինակ՝ ՀՀ զինշարժի, տիրող տրամադրությունների, Արցախի նորմատիվ իրավական ակտերի իմաստով հավաքագրվածը պարունակում էր պետական գաղտնիք, թե ոչ, հավաքագրված եւ փոխանցված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության շահերի առումով էական են, թե ոչ, Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով եղել են գաղտնագրված, պարունակել են պետական գաղտնիք, թե ոչ) եւ որ «Մի տեղեկություն Արցախի համար կարող է լինել գաղտնի, Հայաստանի Հանրապետության համար գաղտնի չլինել եւ այստեղ փոխանցված տեղեկությունները պետք է չափելի դարձնենք ՀՀ օրենսդրության ուժով»։
Բողոքարկվող դատական ակտում ապացուցողական զանգվածում բացակայել է այն տեղեկությունը, որ Թուրալ Գյանջալին եւ Սամիր Մամեդովը չեն հանդիսանում հատուկ ծառայության ներկայացուցիչներ, իսկ գործով Թուրալ Գյանջալիից եւ Սամիր Մամեդովից բացի, այլ անձանց հետ շփման վերաբերյալ փաստարկներ առկա չեն։ Գործի նյութերի համաձայն՝ Սարգիս Գալստյանը կապ է հաստատել Թ. Գյանջալիի հետ, Թ. Գյանջալիի աշխատակազմից զանգահարել է ոմն Սամիր եւ Սարգիս Գալստյանին առաջարկել է հավաքագրվել, ընտրել ծածկանուն եւ այլն։ Այսինքն՝ Ս. Գալստյանի շփումը, ըստ բերված մեղադրանքի, եղել է Գյանջալիի եւ Սամիր Մամադովի հետ։ Մինչդեռ, ազգային անվտանգության հակահետախուզության ծառայությունը հաստատել է տվյալ առ այն, որ նշված անձինք չեն հանդիսանում հատուկ ծառայության ներկայացուցիչներ, այսինքն, Ս. Գալստյանի շփումը եղել է քաղաքացիական անձանց հետ…
Ինչ վերաբերում է վկաների ցուցմունքներին, Սամվել Շահրամանյանը, մասնավորապես, ցուցմունք էր տվել, որ ինքը Սարգիս Գալստյանին, որպես Արցախում մնալ որոշող անձանցից ամենաադեկվատի, նշանակել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, որ որպես իշխանության ներկայացուցիչ վերջինս մնա Արցախում։ Այսինքն, գոնե նախնական քննարկում եղել է Արցախի նախագահի հետ, եղել են շփումներ եւ նա մնացել է Արցախում, որպես Արցախի իշխանության ներկայացուցիչ։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
շարունակելի
«Առավոտ» օրաթերթ
20.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: