Արդյոք վարույթ կա Եզրաս արքեպիսկոպոսի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապեր պահպանելու ԱԱԾ-ի պնդման առթիվ․ Դատախազությունը բանավոր չի մեկնաբանում. Factor.am

Արդյոք առկա՞ է վարույթ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ ներկայում կապեր պահպանելու տեղեկությունների առթիվ։ Դատախազությունից գրավոր հարուցում են պահանջում՝ Factor TV-ի այս հարցին պատասխանելու համար։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությանը պատկանող Civic.am կայքում հրապարակվել է Ազգային անվտանգության ծառայությանը վերագրվող տեղեկություն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։

ԱԱԾ-ից լրատվամիջոցին հայտնել են նաև, որ «առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»։

Նշենք, որ Եզրաս արքեպիսկպոս Ներսիսյանը 2001 թվականի ապրիլից Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդն է և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում՝ Հայ Եկեղեցու ներկայացուցիչը։

Ըստ Civic.am-ին ԱԱԾ-ից տրամադրված փաստաթղթի՝ նրա՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցության հանգամանքը գաղտնազերծվել է 2001-ին։ Նշենք նաև, որ Մայր Աթոռը կամ Եզրաս արքեպիսկպոս Ներսիսյանն մինչ այս պահը որևէ կերպ չեն արձագանքել մամուլի հրապարակմանը։

Leave a Comment