Առեղծվածային մահվան դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին. ժամանել են մարզի քրեական ոստիկանության ու քննչական վարչությունների պետերն ու դատախազը. գրում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքում ժողովրդին հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ՝ Լալայան փողոցի տներից մեկի մոտ տղամարդու դի կա։
Մինչ տեղում աշխատում էր քննչական խումբը՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հովհաննես Գ.-ն է, ում մարմնի վրա դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, ինչը ենթադրում է, որ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, թե որտեղ է տեղի ունեցել ծեծկռտուքը։