22 դեկտեմբերի 2025 – 10:22 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր «գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահին» և ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմանների ստեղծումը կարող է դիտարկվել խաղաղության հաստատման առաջնային ձեռքբերումներից»:
Նա նշել է, որ տեղի ունեցած դրական ու կառուցողական զարգացումները տարածաշրջանի բոլոր պետությունների համար բացել են նոր հնարավորությունների դռներ։
«Թույլ տվեք ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իիրավազորությունների սկզբունքների հիման վրա։
Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։
Այս առումով, գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է»,- ասել է ՀՀ վարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այն փաստը, որ Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքով բեռնված գնացք է ուղևորվել։ Ադրբեջնական լրատվամիջոցները հայտնել էին, որ դեկտեմբերի 18-ին նավթամթերքի առաջին խմբաքանակը կուղարկվի Ադրբեջանից Հայաստան։ Նշվում է, որ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մhեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀ կուղարկվի SOCAR պետական նավթային ընկերության կողմից արտադրված АИ-95 տեսակի բենզինով լցված 22 վագոն։ Գնացքն արդեն ՀՀ–ում է։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Ադրբեջանից վառելանյութի ներմուծմանը և դրա հնարավոր հետևանքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «վառելիք գնելով Բաքվից՝ ՀՀ–ն ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին»։